Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում Aramco ընկերության և ավիաբազայի նկատմամբ պատասխան զանգվածային հարվածի մասին

Եմենի հութիները հարվածներ են հասցրել «Saudi Aramco» նավթային ընկերության օբյեկտներին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին, փոխանցում է Al Jazeera-ն։

Նրա խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել Աբհայում, Նաջրանում և Ջիզանում գտնվող «Aramco»-ի օբյեկտները, ինչպես նաև Խամիս Մուշայթի ավիաբազան։ Սարին պնդում է, որ հարձակումը եղել է «ճշգրիտ ու ուղղակի» և զգալի վնաս է հասցրել Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Ըստ նրա, հարվածի համար կիրառվել են տասնյակ բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Սարին հայտարարել է նաև, որ Սաուդյան Արաբիան ավելի վաղ 121 ավիահարված է հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Եմենի շրջաններին՝ Մարիբ, Էլ-Բեյդա, Հոդեյդա, Թաիզ և Էլ-Ջաուֆ նահանգներին։

Նրա խոսքով՝ արդյունքում զոհվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Հութիների ներկայացուցիչը Սաուդյան Արաբիայի վրա է բարդել էսկալացիայի պատասխանատվությունը և զգուշացրել, որ շարժումը կպատասխանի նոր հարձակումներին։ Նրա փոխանցմամբ՝ հութիները պատրաստ են «էլ ավելի հզոր և մասշտաբային հարվածներ հասցնել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *