Ռեյկյավիկն ԱՄՆ դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Թրամփի՝ «ամերիկյան» Իսլանդիայով քարտեզի հրապարակման առնչությամբ

Իսլանդիան ԱՄՆ դեսպանին կանչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզ, որի վրա Իսլանդիան, Գրենլանդիան, Կանադան, Մեքսիկան, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները պատկերված են եղել ամերիկյան դրոշի տակ, հայտնում է իսլանդական RUV հեռուստաալիքը։

Truth Social սոցիալական ցանցում Թրամփի հրապարակած քարտեզում Կանադայից մինչև Կարիբյան ավազան ընկած ամբողջ տարածքը նշված է որպես «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»։ ԱՄՆ նախագահը հրապարակումը չի ուղեկցել որևէ բացատրությամբ։

Իսլանդիայի արտգործնախարար Թորգերդուր Գունարսդոտտիրը կանչել է ԱՄՆ դեսպան Բիլի Լոնգին, որը պաշտոնապես աշխատանքի էր անցել Ռեյկյավիկում ընդամենը մեկ ամիս առաջ։ Իսլանդիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երկրի դիրքորոշումը հստակ փոխանցվել է ամերիկյան կողմին, իսկ հրապարակումը որակվել է որպես «լիովին անտեղի»։

Թրամփի հրապարակումը հայտնվել է Գրենլանդիայի շուրջ պահպանվող լարվածության ֆոնին․ Դանիայի ինքնավար տարածքը ԱՄՆ նախագահը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է միացնել ԱՄՆ-ին։ Այդ հայտարարություններն արդեն հանգեցրել են Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև լուրջ տարաձայնությունների և անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։

Անցյալ ամիս Իսլանդիան հանրաքվեում քվեարկեց Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման դեմ։ Միաժամանակ, ԵՄ-ի հետ մերձեցման կողմնակիցները, մասնավորապես, հղում էին անում ԱՄՆ-ի հուսալիության վերաբերյալ մտահոգություններին, թեև վերլուծաբանները կարծում են, որ վճռորոշ դեր են խաղացել ներքին տնտեսական հարցերը։

Թրամփի հրապարակումը հայտնվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր Գրենլանդիայում ներդրումների համար 200 միլիոն եվրո (232,5 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ընթացքում։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, որը գտնվում էր Գրենլանդիայում, կրկին ընդգծել է, որ տարածքի բնակիչները չեն ցանկանում դառնալ ամերիկացիներ։

«Գրենլանդիայի կառավարությունն ու ժողովուրդը կրկին ու կրկին հայտարարել են, որ չեն ցանկանում լինել ամերիկացիներ»,— ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցում «ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ մնացած աշխարհում որևէ կասկած չպետք է լինի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *