Թանգարանից գողացված Ռենուարի նկարները գտել են այգում․ գողերը փախչելիս թողել էին ավարի մի մասը

Լազուրե ափի թանգարանից գողացված Պիեռ-Օգյուստ Ռենուարի չորս նկարներից երկուսը գողերը թողել էին այգում, երբ փախչում էին հանցագործության վայրից։ Դրա մասին հայտնել է ֆրանսիական Կան-սյուր-Մեր քաղաքի քաղաքապետը. այս քաղաքում է գտնվում նկարչի թանգարանը, հայտնում է BBC News-ը։

Սկզբում իշխանությունները կարծում էին, թե հանցագործները միայն մեկ նկար են թողել։ Ավելի ուշ պարզվել է, որ այգում հայտնաբերվել են երկու կտավ՝ 1895 թվականի «Տիկին Պիշոնի դիմանկարը» և 1905 թվականի «Կոկոն կարդում է» գործերը։ Եվս երկու ՝ 1910 թվականի «Տիկին Կոլոննա-Ռոմանոյի դիմանկարը» և 1886 թվականի «Աղջիկը ջրհորի մոտ» աշխատանքներն առայժմ գողերի մոտ են։

Թանգարանում ազդանշանային համակարգը գործել է տեղական ժամանակով 05:48-ին։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել արդեն հինգ րոպե անց, սակայն հանցագործներին ձերբակալել չի հաջողվել։

Չորս նկարների ընդհանուր արժեքը նախապես մոտ 9 միլիոն եվրո էր գնահատվել։

Խոսքը XIX դարի ամենահայտնի ֆրանսիացի նկարիչներից մեկի՝ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Պիեռ-Օգյուստ Ռենուարի աշխատանքների մասին է։ Նա հռչակվել է առօրյա կյանքի գեղանկարչական տեսարաններով, դիմանկարներով, կանանց ու երեխաների պատկերումներով, ինչպես նաև լուսավոր բնանկարներով, որոնցում առանձնահատուկ նշանակություն էր տալիս գույնին, լույսին և արևի շողերի խաղին։

Ռենուարը համարվում է ֆրանսիական իմպրեսիոնիզմի առանցքային վարպետներից մեկը՝ Կլոդ Մոնեի, Էդգար Դեգայի և Կամիլ Պիսարոյի կողքին։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Պարահանդեսը Մուլեն դը լա Գալետում», «Նավավարների նախաճաշը» և «Մեծ լողացողները»։

Կան-սյուր-Մերի Ռենուարի թանգարանը գործում է այն տանը, որտեղ նկարիչն անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Շենքը և այն շրջապատող այգին կապված են Ռենուարի ստեղծագործության ուշ շրջանի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *