Իրանը սկսել է արագացված զանգվածային արտադրություն իր սեփական սպառազինության համակարգերի, որոնք այս տարվա սկզբին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հաջողությամբ դրսևորել են իրենց։ Դրա մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության միացյալ շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիզերա Էլհամին, հաղորդում է Mehr-ը:
Ըստ Էլհամիի՝ Իրանում արտադրված սպառազինության համակարգերն արդեն հաջող փորձարկում են անցել հակամարտության ընթացքում և այժմ արագացված կարգով արտադրվում են՝ երկրի ամբողջ տարածքում տեղակայելու համար։
Էլհամին նշել է, որ իրանցի զինվորականները զգալի փորձ են ձեռք բերել հայրենական համակարգերի կիրառման մեջ՝ համեմատած այն ժամանակաշրջանի հետ, երբ երկրի զինված ուժերն ավելի մեծ չափով կախված էին ներմուծվող տեխնիկայից։
Նա շեշտել է, որ սեփական մշակումները Իրանին հնարավորություն են տալիս սպառազինությունն ավելի արագ հարմարեցնելու նոր սպառնալիքներին, քանի որ դրա ծրագրային և ապարատային ապահովումն ամբողջությամբ երկրի վերահսկողության տակ է։
Հրամանատարն ընդգծել է, որ իրանական համակարգերը ստեղծվում են՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրությունը և կլիմայական պայմանները, ինչպես նաև մարտի դաշտի իրական պահանջները։ Նրա պնդմամբ՝ այս սպառազինության գործնական կիրառումը ցույց է տվել դրա առավելությունը արտասահմանյան համանման զինատեսակների նկատմամբ։
Էլհամին հայտարարել է, որ Իրանը մտադիր է նաև հետագայում հենվել սեփական ռեսուրսների վրա՝ սպառազինության որակը բարձրացնելու և արտադրության ծավալներն ավելացնելու համար, ինչպես նաև ընդլայնել դրանց կիրառման ոլորտներն ու կատարելագործել դրանց օգտագործման տակտիկան։
Ավելի վաղ իրանցի զինվորականները հայտարարել էին, որ 39-օրյա հակամարտության ընթացքում ակտիվորեն օգտագործել են հայրենական հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և որսման համակարգեր։