Անօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքները

Ռումինիայում երկրի հյուսիս-արևելյան մի քանի ժուդեցներում օդային տագնապ է հայտարարվել Մոլդովայի կողմից օդային տարածք մուտք գործած անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո։ Բեկորների ընկնելու վտանգի պատճառով Յաշիի միջազգային օդանավակայանից բոլոր թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, հայտնում է Digi 24-ը։

RO-Alert հաղորդագրությունը ստացել են Յաշի, Վասլույ, Նյամց, Բոտոշան և Վասլույ ժուդեցի հյուսիսային հատվածի բնակիչները։ Մարդկանց կոչ է արվել պահպանել հանգստություն և պատսպարվել նկուղներում կամ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մնալ շենքերի ներսում՝ պատուհաններից և արտաքին պատերից հեռու։

Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդային թիրախը ռադիոլոկացիոն համակարգերի կողմից հայտնաբերվել է 16:47-ին՝ Ռոման քաղաքից մոտ 18 կմ հյուսիս։ Իրավիճակը վերահսկելու համար Միխայիլ Կոգըլնիչանուի անվան ավիաբազայից օդ է բարձրացվել Իսպանիայի ռազմաօդային և տիեզերական ուժերի երկու F-18 կործանիչ, որոնք մասնակցում են Ռումինիայում ՆԱՏՕ-ի ուժեղացված օդային ոստիկանության աշխատանքին։

Մոլդովայի իշխանությունները հայտնել են, որ իրենց դիտարկման համակարգերը անօդաչու թռչող սարքը երկրի օդային տարածքում հայտնաբերել էին դեռևս 16:20-ին։ Նախնական տվյալներով՝ դա Shahed տեսակի սարք է եղել, որը մուտք է գործել Ուկրաինայի կողմից և Մոլդովայի տարածքով ուղղվել դեպի Ռումինիա։

Տեղական ժամանակով 16:37-ին անօդաչու թռչող սարքը լքել է Մոլդովայի օդային տարածքը Զըրանկուցա բնակավայրի շրջանում, որից հետո շարունակել է շարժվել դեպի Յաշի ժուդեցի Գոլայեշտի ուղղությամբ։ Սարքի անցման ընթացքում Մոլդովայի օդային տարածքի կենտրոնական հատվածը սահմանափակվել էր, իսկ երկրի սահմաններից դուրս գալուց հետո սահմանափակումները հանվել են։

Յաշիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր թռիչքները։ Օդանավակայանի տնօրեն Ռոմեո Վըտրեն հայտնել է, որ այդ պահին չվերթները չէին չեղարկվել, սակայն դրանց մեկնումը կասեցվել էր մինչև իրավիճակի հստակեցումը։

Ռումինիայի և Մոլդովայի իշխանությունները շարունակել են օդային տարածքի մոնիթորինգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *