Փաշինյանի դուստրը դեմպի՞նգ է անում սպորտային ակումբների և ֆիթնես ոլորտում. 240 ընկերություն դարձել են «գործընկեր»

NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում սպորտային ակումբների և ֆիթնես ծառայությունների ոլորտում:

Ըստ շուկայի որոշ ներկայացուցիչների փոխանցած տեղեկությունների՝ Երևանի մի շարք մարզական ակումբներ, լողավազաններ ու ֆիթնես սրահներ ներգրավվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ կապվող նախագծում, ընդ որում՝ ոլորտի որոշ ներկայացուցիչների պնդմամբ, հաճախ անգամ ոչ շահավետ պայմաններով:

Խոսքը «Պուլս» հավելվածի մասին է, որն ընկերությունների աշխատակիցներին առաջարկում է մեկ միասնական բաժանորդագրությամբ օգտվել տարբեր մարզասրահներից, ֆիթնես ակումբներից, լողավազաններից և վելնես կենտրոններից: NEWS.am-ին ահազանգած տնտեսվարողների ներկայացուցիչները պնդում են, թե Մարիամ Փաշինյանն իր սոցցանցային անձնական էջով կապ է հաստատում կոնկրետ ակումբների հետ, ներկայանում որպես «Պուլս» ընկերության մարքեթինգի ղեկավար և առաջարկում նախագիծը ներկայացնել մենեջմենթին: Ըստ նույն աղբյուրների՝ այն դեպքերում, երբ որոշ ակումբներ չեն արձագանքում կամ հետաքրքրվածություն չեն ցուցաբերում, առաջարկվում է ղեկավարության հետ ուղղակի կապ հաստատել, ինչից հետո, ըստ նրանց, համագործակցության պայմանագրերը բավականին արագ են կնքվում:

Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ եթե փոքր ակումբների համար նման առաջարկը կարող է որոշակիորեն շահավետ լինել, ապա պրեմիում դասի ակումբների պարագայում շուկայականից էապես ցածր գներով ծառայությունների մատուցումը իրենց ձեռնտու չէ, սակայն Փաշինյանի դստերը մերժելու համարձակություն, կարծես քչերն ունեն:

Հավելվածի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարթակում արդեն իսկ ներգրավված է շուրջ 240 գործընկեր մարզասրահ, այդ թվում՝ 96 դասական մարզասրահ, խմբային մարզումների 64 սրահ, 28 լողավազան, յոգայի 20 և պիլատեսի 10 ստուդիա, ինչպես նաև թիմային սպորտաձևերի 6, պարի 6, թենիսի 5 և մարտարվեստների 5 մարզասրահ: Մեր աղբյուրների գնահատմամբ՝ թեև նմանատիպ հավելվածներ նախկինում ևս գործել են շուկայում, սակայն որևէ նախագծի չի հաջողվել նման տեմպերով ընդլայնվել, ինչը ոլորտի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ կարող է պարունակել հնարավոր դեմպինգի կամ անբարեխիղճ մրցակցության տարրեր:

NEWS.am-ի ուսումնասիրության համաձայն՝ հիշյալ հավելվածի մշակողն ու իրավատերն է «ՕՆ» ՍՊԸ-ն (ON LLC): Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին. իրական շահառուների հայտարարագրում որպես հիմնադիր-բաժնետեր է նշված Արա Խաչատրյանը: ՊԵԿ տվյալների բազայում «ՕՆ» ՍՊԸ-ն գրանցված է որպես սպորտի բնագավառում այլ գործունեություն իրականացնող իրավաբանական անձ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Մարիամ Փաշինյանը գործընկերոջ հետ հիմնադրել էր «ԱԹԼԻՔՍ» ընկերությունը: Պետական ռեգիստրի տվյալներով՝ «ԱԹԼԻՔՍ» ՓԲԸ-ի իրական շահառուների հայտարարագրում որպես հիմնադիր-բաժնետերեր (յուրաքանչյուրը 50% բաժնեմասով) գրանցված են Մարիամ Փաշինյանն ու Դիանա Արզումանյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *