Եվրամիությունում ծխախոտի անօրինական առևտուրն արագ աճում է. 2023 թվականին կեղծ կամ անօրինական ներմուծված ծխախոտները կազմել են ընդհանուր սպառման մոտ 8,8%-ը։ Դրա հետևանքով ԵՄ երկրները տարեկան շուրջ 13 միլիարդ եվրոյի հարկային մուտքեր են կորցնում, ասվում է Եվրոպական հաշվեքննիչ պալատի (ECA) զեկույցում, գրում է The Guardian-ը։
Միաժամանակ անօրինական բիզնեսի բնույթը զգալիորեն փոխվել է։ Եթե նախկինում հիմնական խնդիրը մաքսանենգությունն էր, ապա այժմ ավելի ու ավելի մեծ դեր է խաղում ծխախոտի արտադրությունն անմիջապես ԵՄ տարածքում։ Ըստ ECA-ի ներկայացուցիչ Պետրի Սարվամաայի՝ անօրինական գործարաններ արդեն հայտնաբերվել են Եվրամիության գրեթե բոլոր երկրներում։ Հանցավոր խմբավորումներն արտադրությունը տեղափոխում են սպառողներին ավելի մոտ և կրճատում մատակարարման շղթաները։
Ստվերային արտադրության ծավալները զգալի են եղել։ Անցած տարի Բելգիայում ոստիկանությունը շուրջօրյա աշխատող խոշոր անօրինական գործարան է վնասազերծել։ Ձեռնարկությունում աշխատում էին մոտ 50 մարդ, որոնք սպասարկում էին չորս արտադրական գիծ, որոնցից յուրաքանչյուրն ունակ էր ժամում մինչև մեկ միլիոն ծխախոտ արտադրել։
Իսպանիայում մինչ այդ հայտնաբերված ամենախոշոր անօրինական ձեռնարկության վնասազերծման ժամանակ ոստիկանությունը առգրավել է երեք միլիոն տուփ ծխախոտ՝ մոտ 15 միլիոն եվրո արժողությամբ, և հինգ տոննա ծխախոտ՝ ևս 5 միլիոն եվրո արժողությամբ։ Ձերբակալվել է 20 մարդ։ Գործարանի արտադրանքը մատակարարվում էր առնվազն ԵՄ վեց երկիր։
Ֆրանսիական իշխանությունների վնասազերծած մեկ այլ անդրսահմանային խմբավորում դեկտեմբերից ի վեր հասցրել էր կազմակերպել 120 մատակարարում՝ յուրաքանչյուրը 7,5 հազար տուփ ծխախոտ։
Անօրինական գործարանները սովորաբար գործում են ընդամենը 2-4 ամիս, որից հետո փակվում են կամ տեղափոխվում։ Հանցավոր խմբավորումներն օգտագործում են ժամանակակից սարքավորումներ և վարձում մասնագետների, որոնք ունակ են տեղադրել և սպասարկել արտադրական գծերը։ Հաճախ արտադրությունը բաշխվում է մի քանի ձեռնարկությունների միջև, որոնք գտնվում են սահմանամերձ շրջաններում։ Հանցագործները նաև հարմարվում են կոնկրետ շուկաներին՝ թողարկելով պահանջված ապրանքանիշեր և նույնիսկ ստեղծելով ծխախոտային արտադրանքի նոր տեսակներ։
Եվրոպական հաշվեքննիչ պալատը նշում է, որ խնդիրը շատ ավելի լայն է, քան սոսկ բյուջետային կորուստները։ Էժան անօրինական ծխախոտը ծխախոտային արտադրանքը դարձնում է ավելի մատչելի, ներառյալ՝ երիտասարդների համար, խաթարելով հանրային առողջապահության միջոցառումները։ Բացի դրանից, անօրինական առևտուրը եկամուտ է բերում կազմակերպված հանցավորությանը և կարող է ֆինանսավորել ապօրինի գործունեության այլ տեսակներ։
Միաժամանակ շուկայի դեմ պայքարին խանգարում է ԵՄ-ում միասնական կանոնների բացակայությունը։ Տարբեր երկրներում տարբեր են հանցագործությունների սահմանումները և պատժաչափերը, իսկ իրավապահ մարմինների միջև տեղեկության փոխանակումը մնում է ոչ բավարար արդյունավետ։ ECA-ի կարծիքով՝ հանցավոր խմբավորումներն օգտվում են այդ բացերից և գործունեությունը տեղափոխում են ավելի թույլ վերահսկողություն ունեցող երկրներ։
«Հանցագործները հաջողության են հասնում ոչ թե այն պատճառով, որ Եվրոպայում օրենսդրություն չի բավարարում, այլ որովհետև պահպանվում են բացեր համակարգման, տեղեկատվությունների փոխանակման և իրավակիրառման ոլորտներում»,- հայտարարել է Սարվամաան։ Նրա կարծիքով՝ կազմակերպված հանցավորությունն արդեն գործում է միասնական ռազմավարությամբ, և Եվրամիությանն անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում։