Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայում դրական են ընկալում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը ուկրաինական կարգավորման հարցում, մասնավորապես՝ «տեղում առկա իրողությունների» ճանաչումը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների վերջին այցը Մոսկվա՝ Լավրովը նշել է, որ չի պատրաստվում բացահայտել բանակցությունների բովանդակությունը ավելին, քան արդեն հրապարակել են ռուսական և ամերիկյան կողմերը։ Միաժամանակ նա հայտնել է, որ քննարկումը հիմնվել է ուկրաինական հարցի շուրջ Թրամփի դիրքորոշման վրա։
Ըստ նախարարի՝ այդ դիրքորոշման առաջին կարևոր տարրը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից հրաժարումն է։
«Նա, նախ և առաջ, ասաց, որ նույնիսկ մոռանան Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներքաշելու փորձերի մասին»,- հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ Թրամփի կարծիքով այդ հարցը փակված էր դեռևս ներկայիս հակամարտության սկսվելուց շատ առաջ։
Երկրորդ տարրն, ըստ ռուսաստանցի նախարարի, Վաշինգտոնի կողմից «տեղում առկա իրողությունների» ճանաչումն է։ Միաժամանակ Լավրովը շեշտել է, որ Մոսկվան դրանց տակ հասկանում է ոչ միայն տարածքային հարցը։
«Երբ խոսում ենք իրողությունների մասին, խոսում ենք մարդկանց մասին»,- ասել է նա։
Լավրովն ուկրաինական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ 2014 թվականի փետրվարյան իրադարձություններից հետո Դոնբասի բնակիչները ենթարկվել են խտրականության և ռազմական հետապնդման։ Նա նաև կրկին որպես օրինակ է բերել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում և Դոնբասում երեխաների վիճակի տարբերությունների մասին։
Ըստ Լավրովի՝ Մոսկվան կարծում է, որ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հանրաքվեների ընթացքում արտահայտել են իրենց կարծիքը։
««Տեղում առկա իրողությունները», որոնք ճանաչում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը և նրա թիմը, որքանով մենք կարող ենք դատել, և շարունակում է ճանաչել (այդպես էր նաև Ալյասկայում), այդ «տեղում առկա իրողությունները» կապված են մարդկանց հետ, նրանց կարծիքի հետ, որն արտահայտվել է հանրաքվեներում», — հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Նա հավելել է, որ այդ հանգամանքները հաշվի առնելու ամերիկյան կողմի պատրաստակամությունը Մոսկվայի կարծիքով, հիմք է ստեղծում երկխոսությունը շարունակելու համար։
«Այն, որ ամերիկացիները մեզ հետ իրենց բոլոր շփումներում, առաջին հերթին՝ Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի հետ շփումներում, ելնում են այդ իրողություններից, իհարկե, մեզ մոտ առաջացնում է թե՛ դրական արձագանք, թե՛ պատրաստակամություն շարունակելու նրանց հետ խոսակցությունը»,- ասել է Լավրովը։