ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական հետևողական միջոցառումների շնորհիվ ձեռք են բերվել նոր տվյալներ՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց անօրինական արարքների վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ քրեական աստիճանակարգության բարձր կարգավիճակ ունեցող 46-ամյա մի տղամարդ Վանաձորի 25-ամյա բնակչի հետ ստեղծել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում և տարիներ շարունակ նախապատրաստել ու կատարել տարբեր հանցագործություններ։
Քրեական ոստիկանների հետագա միջոցառումներով հիմնավորվել են նոր դրվագներ, ի հայտ են եկել քրեական ենթամշակույթ կրող այլ անձանց վերաբերյալ տվյալներ։
Պարզվել է, որ կալանավայրում գտնվող 46-ամյա տղամարդու որդին հոր միջնորդությամբ, անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով մասնավոր հարցերին առնչվող խնդիրներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ճանաչված վարքագծի կանոններին համապատասխան լուծում տալու համար դիմել է տնային կալանքում գտնվող Վանաձորի 25-ամյա բնակչին, որն էլ, քրեական ենթամշակույթի բարքերին համապատասխան, միջամտել է վեճին։
Մեկ այլ դրվագով՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի անձ տեղակացել է մեկ այլ անձի կողմից կատարված գործողության մասին, որն, այսպես ասած, հակասում է քրեական ենթամշակույթի բարքերին։ Նա դիմել է նույն Վանաձորի 25-ամյա բնակչին, որն էլ հարցը լուծել է՝ դիմելով Վրաստանի բնակիչ քրեական ենթամշակույթի մի ներկայացուցչի։
Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ 46 և 25-ամյա անձինք կալանավորված են։
Շարունակվում է նաև իրավապահների հետևողական պայքարը քրեական ենթամշակույթի դեմ։