Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին գտնվող անցակետին․ երկու մարդ է զոհվել

Օգոստոսի 9-ի գիշերը ռուս զինվորականները հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի մարզում գտնվող Մոլդովայի և Ուկրաինայի սահմանին տեղակայված «Ստարոկոզաչյե» միջազգային ավտոմոբիլային անցակետի վրա։ «Անօդաչուները խոցել են անցակետի ենթակառուցվածքը և հարակից տարածքը, հրդեհներ են բռնկվել», — հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։

Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի տվյալներով՝ զոհվել է երկու խաղաղ բնակիչ, ևս երեքը վիրավորվել են։ Փրկարարները 16 մարդու տարհանել են անվտանգ վայր։ «Միջազգային անցակետի աշխատանքը ներկայումս դադարեցված է», — նշել է Կիպերը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հավելել են, որ հարձակման հետևանքով ոչնչացվել են ուղևորատար ավտոբուսներ, ինչպես նաև բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է «Ստարոկոզաչյեի» վրա հասցված հարվածը՝ նշելով, թե անցակետը իբր օգտագործվում էր Ուկրաինա ռազմական բեռներ հասցնելու համար։ Ռուսական ռազմական գերատեսչությունը նաև հայտնել է Կիևում, Նիկոլաևում և Նիկոլաևի մարզում գտնվող օբյեկտների վրա հասցված հարվածների մասին։ Պաշտպանության նախարարության վարկածով՝ խոցվել են «Տրիխատի» էլեկտրական ենթակայանը, «Նիկա-Տերա» բեռնային տերմինալը, ինչպես նաև պահեստային և լոգիստիկ օբյեկտներ, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Գիշերային հարձակման հետևանքով Կիևում տուժել է հինգ մարդ, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Բնակիչներից երեքը հոսպիտալացվել են։

Մինչ այդ ռուսական բանակը բազմիցս հարձակվել էր Օդեսայի մարզի միջազգային անցակետերի վրա։ Մասնավորապես, սեպտեմբերի 1-ի գիշերը հարված է հասցվել ուկրաինա-ռումինական սահմանին գտնվող «Օռլովկա» անցակետին, ինչը հանգեցրել է լաստանավային անցման աշխատանքի դադարեցմանը։ Հարվածները հասել են անցակետի շենքին և տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Օգոստոսի 25-ի գիշերը անօդաչուների հարվածի տակ է հայտնվել Մոլդովայի հետ սահմանին գտնվող «Վինոգրադովկա» միջազգային անցակետը։ Հարձակման հետևանքով վնասվել է անցակետի ենթակառուցվածքը, և քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես դադարեցվել էր։ Օգոստոսի 21-ին ռուսական անօդաչուները հարձակվել էին նաև «Տաբակի» անցակետի վրա, որը նույնպես գտնվում է Մոլդովայի հետ սահմանին։ Վնասվել են շենքերն ու կառույցները, հրդեհներ են բռնկվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *