Հայաստանի տնտեսական զարգացումներն ընթանում են Կառավարության կանխատեսումներին համահունչ։ Ազգային ժողովում հունվար-հունիս ամիսների տնտեսական ցուցանիշներն ու պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս այս մասին նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նախարարի՝ առաջին կիսամյակում արտաքին առևտրի ոլորտում արձանագրվել է ապրանքների արտահանման 6.7 տոկոս նվազում, մինչդեռ ներմուծման ծավալներն աճել են 4 տոկոսով։
«Հունվար-հունիսին ապրանքների արտահանման 6.7 տոկոս նվազում ունենք։ Ներմուծումն աճել է 4 տոկոսով»,- ասաց նախարարը։
Զգալի աշխուժություն է նկատվել զբոսաշրջության և դրամական փոխանցումների ոլորտներում։ Հովհաննիսյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14.8 տոկոս աճ, որից Ռուսաստանի Դաշնությունից՝ 23.3 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 9.8 տոկոս։ Դրամական փոխանցումների զուտ աճը կազմել է 21.7 տոկոս։ ՌԴ-ից փոխանցումների աճը կազմել է 32.6 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 8.6 տոկոս։
Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 7.9 տոկոսով։
«Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով, որը պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ճյուղերի աճերով»,- նշեց նախարարը։
Տնտեսության առանձին ճյուղերում պատկերը տարբեր է. գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 11.9 տոկոս անկում, այնինչ շինարարությունն աճել է 24.5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10.8 տոկոսով, ծառայությունները՝ 11 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 1 տոկոսով։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5.1 տոկոս, իսկ առաջին կիսամյակի միջին գնաճը՝ 4.6 տոկոս։
Ֆինանսական համակարգում և աշխատաշուկայում նույնպես դրական շարժեր կան։
«Ռեզիդենտների կողմից ավանդների աճը կազմել է 24.3 տոկոս, իսկ վարկավորման աճը՝ 22.6 տոկոս։ Վարձու աշխատողների թիվն աճել է 3.5 տոկոսով, միջին աշխատավարձն աճել է 5.5 տոկոսով։ 4.6 տոկոս գնաճի պայմաններում միջին աշխատավարձի իրական աճը կազմել է 0.9 տոկոս»,-ասաց նա։
Անդրադառնալով պետական բյուջեի ցուցանիշներին՝ ֆինանսների նախարարը փաստեց, որ եկամուտները 6 տոկոսով գերազանցել են պլանավորված ցուցանիշը։ Բյուջեի ծախսերն նախորդ տարվա համեմատ ավելացել են 7 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերն աճել են 16.1 տոկոսով։
Այնուամենայնիվ, կապիտալ ծախսերի գծով արձանագրվել է նվազում։
«Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 56.4 տոկոս, իսկ նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 28.3 տոկոսով»,-ասաց նախարարը։
Վահե Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ կապիտալ ծախսերի՝ 83.7 մլրդ դրամով կրճատումը պայմանավորված է պաշտպանական ծրագրերի գծով կապիտալ հատկացումների 43.9 տոկոս նվազմամբ։ Միևնույն ժամանակ, առանց Պաշտպանության նախարարության ծախսերի, ներքին ռեսուրսների հաշվին իրականացված կապիտալ ծախսերն աճել են 42.4 տոկոսով։