Պետական բյուջեից գումար հատկացնելը ոչ միշտ է նշանակում, որ այդ գումարն ամբողջությամբ կծախսվի, և պատշաճ որակով ծրագիրը կիրականացվի։
2026 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կատարողականը դրա ամենաակնառու օրինակներից մեկն է։ Պետության կապիտալ ծախսերի համար նախատեսված 375.8 մլրդ դրամից փաստացի ծախսվել է 212.1 մլրդ դրամը։ Կատարողականը կազմել է ընդամենը 56.4%։
Տվյալները BanksNews.am-ն առանձնացրել է՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքն ուսումնասիրելիս:
Ամենացածր ցուցանիշներից մեկը գրանցվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում։
«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 25.8% կամ 12.7 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած՝ տարվա առաջին կեսին ծրագրի կապիտալ ծախսերի նախատեսված ծավալի շուրջ երեք քառորդը չի իրականացվել։
Խնդիրը միայն ճանապարհները չեն
Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման և բարելավման ծրագրում կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 55.4%, իսկ պաշտպանության ապահովման ծրագրում՝ 80.8%։
Ընդհանուր առմամբ կապիտալ ծախսերը ոչ միայն թերակատարվել են ծրագրի նկատմամբ, այլև նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են 83.7 մլրդ դրամով կամ 28.3%-ով։
Հատկապես թույլ է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը։ Նախատեսված 63.9 մլրդ դրամի դիմաց ծախսվել է ընդամենը 18.3մլրդ դրամ՝ 28.6% կատարողական։
Ստացվում է հետաքրքիր հակադրություն. պետական բյուջեի ընդհանուր ծախսերը մեկ տարում աճել են 7%-ով, ընթացիկ ծախսերը՝ 16.1%-ով, սակայն կապիտալ ծախսերը նվազել են 28.3%-ով։
Այս թվերը բյուջեի կատարման վերաբերյալ մեկ այլ հարց են առաջացնում․ պետությունը որքանո՞վ է կարողանում գումար ուղղորդելուց զատ նաև հաջողել ոլորտային այս ծրագրերը ժամանակին իրականացնելու հարցում։