Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ելույթ կունենա Փարիզի տիեզերական գագաթնաժողովում, որտեղ կփորձի համոզել հիասթափված ֆրանսիացիներին միավորման առավելությունների հարցում՝ երկրում եվրոսկեպտիկ տրամադրությունների կտրուկ աճի և մոտեցող նախագահական ընտրությունների ֆոնին. գրում է Politico-ն։
«Սա «կարմիր տագնապի» մակարդակի իրավիճակ է։ Ես երբեք չեմ տեսել Ֆրանսիան ԵՄ-ի նկատմամբ այդքան բացասական տրամադրված, որքան հիմա է»,- հրատարակությանն ասել է եվրոպացի պաշտոնյան։
Սակայն, Politico-ն նշում է, որ Ֆոն դեր Լեյենի ելույթը կարող է չունենալ այն ազդեցությունը, որի hույսն ունի Բրյուսելը։
Եվրահանձնաժողովի ղեկավարը ելույթ կունենա Փարիզի Գրան Պալեում կայանալիք միջազգային տիեզերական գագաթնաժողովում, որը կազմակերպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Politico-ի տվյալներով՝ Ֆոն դեր Լեյենի հիմնական ուղերձը կլինի այն, որ Եվրոպական միության շնորհիվ են եվրոպական երկրները կարողանում իրականացնել խոշորածավալ նախագծեր և մրցակցել այլ համաշխարհային տերությունների հետ։
Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ Ֆոն դեր Լեյենը կներկայացնի ԵՄ առաջնահերթությունները տիեզերական ոլորտում։
Politico-ն նշում է, որ Ֆրանսիայում Բրյուսելի համար քաղաքական մթնոլորտը մնում է չափազանց անբարենպաստ։ Աջակողմյան առաջնորդ Մարին Լը Պենն առաջատար է հաջորդ տարվա նախագահական ընտրություններից առաջ անցկացվող հարցումներում, մինչդեռ եվրոսկեպտիկ Ժան-Լյուկ Մելանշոնն իրական հնարավորություն ունի անցնելու երկրորդ փուլ։ Լը Պենի հնարավոր հաղթանակն, ըստ լրատվամիջոցի, կարող է լուրջ հետևանքներ ունենալ Եվրամիության ապագայի համար։
Ֆրանսիայի նախագահի առաջատար թեկնածուներից լրատվամիջոցը նշում է միայն երկու քաղաքական գործչի անուն, որոնք ունեն հստակ եվրոպամետ դիրքորոշում՝ Եվրախորհրդարանի անդամ Ռաֆայել Գլյուքսմանն ու նախկին վարչապետ Գաբրիել Ատալը։