Մի էջի վրա մոտ 15 հոգու հոդվածներն էին պարզապես շարած․ գերիի որդին ադրբեջանական զեկույցի մասին մանրամասներ է հայտնել

ABC Media-ն զրուցել է գերիներից մեկի հարազատների հետ՝ պարզելու՝ ի՞նչ փաստաթղթեր է ուղարկել Ադրբեջանը ՄԻԵԴ գերիների պահման պայմանների, առողջական վիճակի ու «դատավճիռների» մասին։ Գերիի որդուն չցանկացավ հրապարակայնացնել անունը։

-Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ներկայացրած փաստաթղթերից ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել, ի՞նչ էր ներառված փաթեթում։

-Այնտեղ կային նկարներ, բժշկական տվյալներ և իբր վճիռները։ Մի քանի նկար պահման պայմաններից էր։ Ցույց էին տվել այն խուցը, որտեղ հորս են պահում։ Մեկ նկար էլ իրենից։ Նիհարել է։

-Առողջական վիճակի վերաբերյալ ի՞նչ տվյալներ էին ներկայացված։

-Առողջական տվյալները, ճիշտն ասած, կարծես copy-paste արված լինեին նախորդ՝ վեց ամիս առաջ ուղարկվածից։ Բացի այդ՝ տվյալներ տրամադրում են ադրբեջանցի բժիշկներ, որոնք մեզ համար անկախ կազմակերպություն չեն և վստահություն չեն ներշնչում։

-Հեռախոսազանգերի ժամանակ առողջական վիճակի մասին պատմածն ու ներկայացվածը համապատասխանո՞ւմ են։

-Հայրս առողջական խնդիրների մասին չի ասում։ Իր բնավորությունն իմանալով՝ վստահ եմ՝ եթե նույնիսկ ինչ-որ խնդիր ունենա, չի ասի, որ մենք չանհանգստանանք։ Բայց մեծ կասկածով ենք վերաբերվում այդ տվյալներին, քանի որ անկախ բժիշկներ հետազոտություններ չեն կատարել։

-Ադրբեջանի ներկայացրած զեկույցում դատավճիռների վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ էին ներառված։

-Շատ կարճ էր գրված։ Բոլորի դեպքում գրեթե նույն հոդվածներն էին ներկայացված՝ կապ չուներ՝ ինչ պաշտոն են զբաղեցրել կամ ինչ հանգամանքներում են գերեվարվել։ Շատ աղավաղված էր, որ ոչ մի բան չես հասկանում։ Մի էջի վրա մոտ 15 հոգու հոդվածներն էին պարզապես շարած։

Տեղեկացնենք՝ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել էր մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։

vvvvvv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *