Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը. WSJ


Հարեվաններ


Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը՝ օգտագործելով մինչեւ պատերազմը կուտակած բաղադրիչները եւ ստորգետնյա արտադրական հարթակները, The Wall Street Journal-ին հայտնել են ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի երկրների պաշտոնյաները, որոնք ծանոթ են իրավիճակին։

Նրանց խոսքով՝ հակառակ պատերազմի սկզբին ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հրթիռային համալիրներին եւ արդյունաբերական ձեռնարկություններին հասցված զանգվածային հարվածներին՝ Իրանը ինչպես հեղուկ, այնպես էլ պինդ վառելիքով աշխատող հրթիռներ է հավաքում։

Հետախուզության տվյալներով՝ ակտիվություն է նկատվում մի քանի ստորգետնյա օբյեկտներում, այդ թվում՝ Իրանի հարավ-արեւելքում գտնվող Խոջիրի հրթիռային օբյեկտում։ Բացի այդ, Իրանը փորձում է ստեղծել նոր ստորգետնյա արտադրական հարթակներ։

Պարբերականի աղբյուրների կարծիքով՝ առայժմ Իրանը հրթիռներ է հավաքում շատ ավելի փոքր քանակությամբ, քան պատերազմից առաջ։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները շարքից հանել են գործարանների մի մասը, որտեղ արտադրվում էին հրթիռներ եւ դրանց բաղադրիչները, իսկ ծովային շրջափակումը բարդացրել է անհրաժեշտ դետալների եւ բաղադրիչների ներմուծումը։

The Wall Street Journal-ի զրուցակիցներից մեկը կարծում է, որ Իրանը, հավանաբար, փոքր տեմպերով վերսկսել է արտադրությունը հունիսի կեսերին՝ ԱՄՆ-ի հետ հրադադարից հետո։

Սպիտակ տանը ուղղակիորեն չեն պատասխանել հարցին, թե արդյո՞ք Թեհրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Այնտեղ հայտարարել են, որ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացվել են, իսկ նրա զինված ուժերը լրջորեն թուլացել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *