Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը շատ ավելի արագ է ընթանում, քան շատերն ակնկալում էին, և կանխատեսվում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտից շատ առաջ։ Այս մասին Radio Free Europe/Radio Liberty-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեն։
Արիզոնայից հանրապետական և Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի և վետերանների հարցերով հանձնաժողովների անդամ Համադեն հունիսին այցելել է Ադրբեջան, իսկ օգոստոսին՝ Հայաստան և հանդիպել երկրների ղեկավարների հետ։ Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ կառավարության բոլոր մակարդակների պաշտոնյաները հանձնառու են այս հարցին։
Կոնգրեսականը համարում է, որ առկա խոչընդոտներից մեկը պարզապես ժամանակի գործոնն է։ Պատերազմական շրջանից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի հույզերը հանդարտվեն։ Նրա խոսքով՝ գործընթացը շատ սահուն է ընթանում, և երկու կողմերն էլ լիովին հանձնառու են ապահովելու Հարավային Կովկասի խաղաղությունն ու բարգավաճումը։
«Այո՛, իհարկե, դեռ որոշակի մարտահրավերներ կան։ Կան գերիներ, որոնց հայկական կողմը ցանկանում է հետ ստանալ Ադրբեջանից։ Յուրաքանչյուր կողմն ունի իր տեսակետն այս բոլոր հարցերի վերաբերյալ», – նշել է Համադեն՝ հավելելով, որ օգտակար կլինի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչին վերջերս, ըստ կոնգրեսականի, բավարար ուշադրություն չի դարձվել։
Անդրադառնալով TRIPP-ին՝ նա ընդգծել է, որ այն շատ ավելին է, քան պարզապես տնտեսական նախագիծ։
«Իհարկե, այն օգուտ կբերի երկու երկրների տնտեսություններին, բայց նաև կամրապնդի ու սերտորեն կկապի դրանք՝ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առումով», – նշել է Համադեն և հավելել, որ այն Հարավային Կովկասի համար հսկայական հնարավորություններ կբացի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազում է, ինչը մեծ առավելություն է ԱՄՆ-ի համար։ Իրանի դիրքերը խիստ թուլացել են, և նրանք այժմ այլ խնդիրներով են զբաղված։ Ուստի Կովկասը՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությամբ, մեծ ներուժ ունի՝ դառնալու կամուրջ Ասիայի և Կովկասի միջև՝ Կասպից ծովի և TRIPP միջանցքի միջոցով կապ հաստատելով դեպի Թուրքիա և Եվրոպա։