Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
«Արզնի ակվա» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել գազավորված և ոչ գազավորված ջրերի արտադրության համար։ Արտադրանքը թողարկվելու է «Արզնի» ապրանքային շանի ներքո։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 4․6 մլրդ դրամի ներդրում, որից 3․7 մլրդ դրամը՝ հումքի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը կապիտալ ներդրում։ Մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 35 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 277 մլն դրամ։
«Արտ գլոբալ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել վենդինգային սարքավորումների համար նախատեսված լուծվող կապուչինոների, թեյի, շոկոլադի և կաթի սպիտակուցով փոշե հումքատեսակների արտադրության համար։ Արտադրանքը շուկայում ներկայացվելու է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին պատկանող «DOLCE» ապրանքանիշի ներքո։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 149․6 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 253 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 149․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․7 մլն դրամ։
«Արմատ բեգա» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պայուսակների արտադրության համար՝ իրականացնելով շուրջ 100 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 30 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 26 աշխատատեղ 107 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝ 107 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 80․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.6 մլն դրամ։