Իսրայելի մշակույթի նախարար Միկի Զոարը, որը ներկայացնում է «Լիկուդ» կուսակցությունը, կոչ է արել զրկել NAZA վավերագրական ֆիլմի ռեժիսորներ Յուվալ Աբրահամին եւ Ռախել Շորին Իսրայելի քաղաքացիությունից՝ «իրենց երկրին դավաճանելու» համար։
Նրանց ֆիլմը, որը նախօրեին արժանացել է Վենետիկի 83-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, պատմում է խաղաղ բնակիչների դեմ հարվածներ հասցնելիս Իսրայելի պաշտպանության բանակի կողմից արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման մասին։
«Անհնար է ըմբռնել ֆիլմի հեղինակների այս այրող ատելությունը սեփական անձի նկատմամբ. նրանք պատրաստ են վնաս հասցնել սեփական երկրին՝ ամբողջ աշխարհի հակասեմիտների ծափահարությունների համար։ Սա դավաճանություն է երկրին»,- X-ում գրել է Միկի Զոարը։
Վենետիկում բրիտանական Guardian-ի լրագրողների հետ համատեղ ստեղծված «NAZA» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը հաջորդել են 25 րոպե տեւած հոտնկայս ծափահարությունները։
«Որպես մշակույթի նախարար՝ ես անհապաղ քայլեր կձեռնարկեմ՝ այս արհամարհելի ռեժիսորներին երկրի դավաճանության համար Իսրայելի քաղաքացիությունից զրկելու նպատակով»,- հայտարարել է Զոարը։
Ֆիլմի անվան հիմքում ընկած է Իսրայելի պաշտպանության բանակում օգտագործվող հապավումը, որը նշանակում է «ուղեկցող վնաս»։
Այն հիմնված է իսրայելցի 24 զինծառայողների եւ սպաների հետ հարցազրույցների վրա, որոնք, ինչպես պնդում են հեղինակները, մասնակցել են Գազայի ուղղությամբ հարվածների ծրագրման ու իրականացմանը։ Նրանց անուններն ու դեմքերը թաքցված են, իսկ ձայները՝ փոփոխված։