2026թ. առաջին կիսամյակում պետական բյուջեն կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով։ Համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 39.2 մլրդ դրամ պակասուրդ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում բյուջեի հաշվեկշիռը փոխվել է շուրջ 106.5 մլրդ դրամով՝ պակասուրդից անցնելով հավելուրդի։
Պատճառներից մեկը պետական եկամուտների բարձր աճն է։ Հունվար-հունիսին բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրլն 643 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 14.7%-ով։
Հարկերն ու տուրքերը հասել են 1 տրլն 556 մլրդ դրամի՝ նույնպես աճելով 14.7%-ով։
Այս մասին BanksNews.am- տեղեկանում է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքն ուսումնասիրելիս:
| Հիմնական ցուցանիշ | 2026 թ. I կիսամյակ | Տարեկան փոփոխություն |
|---|---|---|
| Ընդհանուր եկամուտներ | 1,643 մլրդ դրամ | +14.7% |
| Հարկեր և տուրքեր | 1,556 մլրդ դրամ | +14.7% |
| Ընդհանուր ծախսեր | 1,576 մլրդ դրամ | +7.0% |
| Բյուջեի հաշվեկշիռ | +67.3 մլրդ դրամ | 2025-ին՝ −39.2 մլրդ |
| Կապիտալ ծախսեր | 212.1 մլրդ դրամ | −28.3% |
Հարկային մուտքերի աճին ամենամեծ նպաստումը տվել է ԱԱՀ-ն՝ 11.1% աճով։
Եկամտային հարկի մուտքերն աճել են 12.7%-ով, շահութահարկինը՝ 11.5%-ով։ Ըստ ներկայացված գնահատականի՝ դրա հիմքում տնտեսական ակտիվությունը, աշխատավարձի ֆոնդի աճը, աշխատաշուկայի ֆորմալացումը և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումն են։
Սակայն եկամուտների ու ծախսերի տեմպերի միջև տարբերությունը նկատելի է. եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ ընդամենը7%-ով։
Ավելին՝ ընթացիկ ծախսերն ավելացել են 16.1%-ով՝ հասնելով 1 տրլն 366 մլրդ դրամի, իսկ կապիտալ ծախսերը հակառակ ուղղությամբ են շարժվել՝ նվազելով 28.3%-ով և կազմելով 212.1 մլրդ դրամ։
Ստացվում է բավական հետաքրքիր պատկեր․ պետությունն ավելի շատ հարկ է հավաքում, բյուջեն պակասուրդից անցել է հավելուրդի, բայց զարգացման համար կարևոր կապիտալ ծախսերը նվազել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գումարը հատկացվել է, բայց չի ծախսվել․ ճանապարհաշինության կապիտալ ծրագրերի կատարողականը՝ 25.8%