ԵՄ-ը հույս ունի կրկնել ՀՀ-ում այն, ինչը համարում է Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությունը․ RFE/RL

Հայաստանը դարձել է Եվրամիության ամենամոտ դաշնակիցը Հարավային Կովկասում: Մինչ Վրաստանը շարունակում է հեռանալ դաշինքից, իսկ Ադրբեջանը մնում է կարևոր գործընկեր՝ էներգակիրների ներմուծման առումով, Բրյուսելն է խաղադրույք կատարում այդ տարածաշրջանում. գրել է RFE/RL-ն։

Ինչպես նշվել է, Եվրամիությունն արդեն հստակորեն հայտարարել է, որ ցանկանում է հակազդել Ռուսաստանի ազդեցությանը հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։ Մի քանի եվրոպացի պաշտոնյաներ RFE/RL-ին հայտնել են, որ դա համարում են դաշինքի անմիջական հարևանության ամենակարևոր քվեարկությունն այս տարի: Այն փաստը, որ ԵՄ-ը նոր առաքելություն է ստեղծում երկրում արտաքին միջամտությանը հակազդելու համար, ցույց է տալիս միության մտադրությունը։

Մեկ այլ հստակ ցուցիչ, թե որքան բարձր է Բրյուսելը ներկայումս գնահատում Երևանը, մայիսի 5-ին Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցելու են և՛ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, և՛ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Միջոցառումը տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովից ընդամենը մեկ օր անց մի երկրում, որը հազվադեպ է միջազգային քաղաքական ուշադրության արժանանում։

Գագաթնաժողովն ինքնին հիմնականում խորհրդանշական կլինի: Գագաթնաժողովի հռչակագրի նախագծում, որին ծանոթաքցել է RFE/RL-ն, դա է ուրվագծվում: Հայաստանի ԵՄ-ին ապագա անդամակցության մասին ոչինչ չկա՝ մի գաղափար, որի հետ վերջին տարիներին խաղացել է ներկայիս կառավարությունը: Փոխարենն, այն պարզապես նշում է, որ «ԵՄ-ը վերահաստատում է իր անսասան հանձնառությունն՝ ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին և երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանն ավելի մոտեցնելով Եվրամիությանը»։

Տեքստում նաև նշվում է, որ գագաթնաժողովի առաջնորդները կքննարկեն ինչպես Իրանի, այնպես էլ Ուկրաինայի աշխարհաքաղաքական իրավիճակը: Հարևան Ադրբեջանի հետ Հայաստանի լարված հարաբերությունների վերաբերյալ շատ բան չկա, բացի այն տողից, որտեղ ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանն, անվտանգությանը, կապակցվածությանը և բարգավաճմանը, և գովաբանում ենք Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղության գործընթացի հետագա ինստիտուցիոնալացման և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն ապահովելու ջանքերը»։

Փաստաթղթում որևէ հիշատակում չկա Ռուսաստանի մասին, չնայած հավանական է, որ այնպիսի տողերն, ինչպիսիք են  «Հայաստանի ապագան պետք է ազատորեն և ժողովրդավարական ճանապարհով որոշվի իր քաղաքացիների կողմից՝ առանց արտաքին ճնշման», հավանաբար, վերագրվում է Մոսկվային։

Չնայած նրան, որ Բրյուսելը չի ստիպում Հայաստանին համաձայնվել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին, այնուամենայնիվ, ցանկանում է, որ երկիրն ակտիվանա Մոսկվայի նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցառումների շրջանցումը կանխելու հարցում։

Փաստաթղթում նշվում է, որ «մենք համաձայն ենք շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար, հատկապես կրկնակի օգտագործման և զգայուն մարտադաշտի իրերի առևտրի վերաբերյալ, ներառյալ այս առումով՝ Հայաստանի ֆինանսական հատվածի չարաշահումը կանխելը»։

Փաստաթղթում Երևանի համար ԵՄ-ի կողմից տրամադրվելիք նոր դրամական միջոցների մասին խոսք չկա։

Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ նոր պարտավորություններ ևս չկան։ Բրյուսելը մինչ օրս 30 միլիոն դոլար է հատկացրել, այսպես կոչված, Եվրոպական խաղաղության հիմնադրամի (ԵԽՀ) շրջանակներում։ Այնուամենայնիվ, ԵՄ աղբյուրները հայտնել են, որ կան ցուցումներ, որ ԵՄ-ը շուտով ավելի շատ կանխիկ գումար կառաջարկի այս ծրագրի շրջանակներում։

Հռչակագրում նաև նշվում է, որ «ԵՄ-ը և Հայաստանը հանձնառու են ամրապնդել իրենց հարաբերություններն անվտանգության և պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ տարեկան խորհրդակցությունների միջոցով»։

Կա նաև ճանապարհային քարտեզի մշակում երկրի միակ ատոմակայանի՝ Մեծամորի վերաբերյալ։

Վիզայի ազատականացման հարցում կա «նշանակալի առաջընթաց»։ Երկու կողմերի նպատակն էլ մնում է այն, որ Հայաստանի քաղաքացիները տասնամյակի վերջում կարողանան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ երկրների մեծ մաս։

ԵՄ արտաքին գործերի նախարարները ապրիլի 21-ին կանաչ լույս են վառել Հայաստան նոր քաղաքացիական առաքելության համար, որը կօգնի Երևանին հաղթահարել հիբրիդային սպառնալիքները։ Սակայն, ըստ փաստաթղթի, որին ծանոթացել է ռադիոկայանը, հստակ է, որ Ռուսաստանի միջամտությունը Հայաստանում առաքելության հիմնական մտահոգությունն է, մասնավորապես՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ըստ մի քանի ԵՄ դիվանագետների, որոնք խոսել են անանունության պայմանով, ԵՄ-ը հույս ունի կրկնել այն, ինչը նա համարում է Մոլդովայում անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությունը, որոնցում բրյուսելամետ ուժերը պահպանեցին իշխանությունը։

Առաքելությունը նախատեսված է նաև օգնելու հետագա տեղական ընտրություններին և համազգային քվեարկությունից հետո կայանալիք հնարավոր սահմանադրական հանրաքվեին։ Այդ հանրաքվեն կլինի Ադրբեջանի հետ ներկայիս խաղաղության համաձայնագրի մի մասը։

Փաստաթղթի համաձայն՝ սա ներառում է ռազմավարական խորհրդատվության տրամադրում համապատասխան հայկական նախարարություններին և գործակալություններին «հիբրիդային սպառնալիքներին, մասնավորապես՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիային և միջամտությանը (FIMI) և կիբերհարձակումներին, ինչպես նաև ընտրական և քաղաքական համատեքստում ապօրինի ֆինանսական հոսքերին հակազդելու համար»։

ԵՄ արտաքին քաղաքականության կորպուսի՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) նախորդ փաստաթղթում հստակ նշվել էր Կրեմլի ազդեցությանը հակազդելու անհրաժեշտությունը Հայաստանում։

Այն նաև զգուշացնում է, որ «Ռուսաստանն ուժեղացրել է իր հարկադրական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ Երևանի ԵՄ-ի նկատմամբ աստիճանական վերակողմնորոշման ֆոնին՝ շահագործելով Հայաստանի խորը տնտեսական կախվածությունը և տարածաշրջանային անվտանգության փխրուն միջավայրը»։ Այն հավելում է, որ եթե Բրյուսելը չպահպանի երկիրը, «ԵՄ-ը կկորցնի պատմական հնարավորությունը, որը թույլ կտա տարածաշրջանային դերակատարներին ազատվել Մոսկվայի գրկից տարածաշրջանում Ռուսաստանի թուլության պահին»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *