«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն հանդիպի Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ. լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ո՛չ։ Հանդիպում տեղի չի ունենա»,- ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով Ազգային ժողովում քաղաքական հռետորաբանությանը՝ նա նշել է, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ որակական փոփոխություններ կան։
«Մեր տղաները կարող են խոսել այդ մասին։ Ոնց որ թե լուրջ որևէ բան չկա, ուղղակի խոսույթները վերաձևակերպելու խնդիր կա, և պետք է վերաձևակերպեն այդ խոսույթը»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ ինքը չի կարծում, որ խորհրդարանում մասշտաբային խնդիրներ կան, սակայն որոշ հարցերում անհրաժեշտ են ավելի կտրուկ մոտեցումներ։
«Չէ, եթե ազնիվ լինենք, ես չեմ ասի, որ, մասշտաբային խնդիրներ կան։ Որակական առումով գումարումը բավական որակական փոփոխություն ունի, ուղղակի երբեմն կան խնդիրներ, որտեղ պետք են ավելի վիրահատական մոտեցումներ»,- նշել է նա։
Անդրադառնալով մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուների քննարկմանը՝ Կարապետյանը նշել է, որ այստեղ խնդիր չի տեսնում։
Նրա խոսքով՝ բոլոր թեկնածուները հասկանում են, թե ինչ նպատակներ և հնարավոր խնդիրներ կարող են լինել։
«Մտավախությունը, որպես այդպիսին, բոլոր թեկնածուները, ովքեր գնում են, հասկանում են, թե ինչ նպատակներ կան և ինչ խնդիրներ կարող են լինել։ Այդ իսկ պատճառով խնդիր չկա։ Կարող ենք ամիսներով այստեղ մնալ և քննարկել այդ հարցը»,- ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։