10 տարի՝ գաթայի շուրջ․ Խաչիկում հոբելյանական փառատոնի են պատրաստվում


Մշակույթ


Վայոց ձորի Խաչիկ գյուղում այս տարի Գաթայի փառատոնը կանցկացվի հոբելյանական՝ 10-րդ անգամ։ Կազմակերպիչների խոսքով՝ տարիների ընթացքում փառատոնը ոչ միայն դարձել է գյուղի ամենասպասված միջոցառումներից մեկը, այլև նպաստել է Խաչիկի ճանաչելիության բարձրացմանը։

«10 տարի առաջ շատերը չգիտեին անգամ, թե որտեղ է գտնվում Խաչիկ գյուղը, իսկ այսօր գաթայի փառատոնի շնորհիվ այն ճանաչելի է դարձել»,- նշում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը ՝ ընդգծելով, որ սա միջոցառման կարևոր ձեռքբերումներից է։

Այս տարի հյուրերին սպասվում է հագեցած մշակութային ծրագիր։ Կլինեն ազգային երգ ու պար, կավագործության ցուցադրություն, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը։ Փառատոնի ընթացքում այցելուները կարող են ոչ միայն մասնակցել մշակութային միջոցառումներին, այլև ծանոթանալ Խաչիկի տեղական արտադրանքին ու գյուղական ավանդույթներին։

Փառատոնի նախապատրաստական աշխատանքներին գյուղացիները ներգրավվում են դեռևս միջոցառումից առաջ։ Կազմակերպիչների խոսքով՝ շուրջ մեկ տարի արտադրանք ներկայացնող և վաճառող գյուղացիները հնարավորություն են ունենում վերապատրաստվելու՝ սովորելով, թե ինչպես ճիշտ փաթեթավորել սեփական արտադրանքը, ներկայացնել այն և վաճառել։

«Այս փառատոններն են հիմք դնում մեր համայնքների, գյուղերի ճանաչելիությանը»,- նշում է Խաչիկ բնակավայրի մշակույթի պատասխանատու Բելլա Առաքելյանը՝ կարևորելով ոչ միայն միջոցառման մեկօրյա ազդեցությունը, այլև այն հնարավորությունները, որոնք այն ստեղծում է տեղական արտադրողների համար։
Խաչիկի վարչական ղեկավարի խոսքով՝ համայնքը մեծ սիրով է ընդունում փառատոնը։ Գյուղացիները ներգրավվում են միջոցառման կազմակերպման աշխատանքներին, իսկ գյուղը պատրաստվում է հյուրընկալել այցելուներին։

Այս տարի փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև զբոսաշրջային ուղղության ընդլայնում։ Վարչական ղեկավարի խոսքով՝ մշակվել է տուրային ծրագիր, որի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան գաթայի փառատոնին մասնակցելուց բացի ծանոթանալ նաև Խաչիկի և շրջակա տարածքի պատմամշակութային վայրերին՝ այցելելով եկեղեցիներ ու թանգարաններ։

Հոբելյանական փառատոնի ընթացքում առանձնահատուկ տեղ կունենա նաև գաթան։ Այս տարի ավանդական տարբերակներին զուգահեռ կներկայացվի նաև ավելուկով գաթա՝ ևս մեկ տեղական համային առանձնահատկություն ներկայացնելով այցելուներին։

Գաթայի փառատոնը Խաչիկում կանցկացվի սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը։ Միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 12։00-ին։ Տասներորդ հոբելյանը կազմակերպիչները դիտարկում են ոչ միայն որպես տարիների աշխատանքը ամփոփելու առիթ, այլև որպես նոր հնարավորությունների մեկնարկ՝ գյուղի ճանաչելիությունը, տեղական արտադրությունն ու զբոսաշրջային ներուժը զարգացնելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *