Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը Մերձավոր Արեւելքի երկրներին, այդ թվում՝ Իսրայելին, է դիմել հութիների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու խնդրանքով, հատկապես Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը փաստացի վերահսկողության տակ վերցնելուց հետո, գրում է Israel Hayom-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի դիվանագիտական ներկայացուցիչներին։
Վերջիններիս խոսքով՝ Պարսից ծոցի երկրներին եւ Եգիպտոսին դիմումները փոխանցվել են ուղղակիորեն, իսկ Իսրայելին՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) միջոցով։ Իսրայելական կողմին ուղղված հիմնական խնդրանքը հետախուզական տեղեկությունների տրամադրումն է։
Խնդրանքը փոխանցվել է արաբական երկրի «իսլամական ՆԱՏՕ»- ի գործընկերների՝ Թուրքիայի եւ Պակիստանի բացարձակ անգործության ֆոնին, տեղի ունեցածը վերլուծել է տարածաշրջանային խնդիրներով մասնագիտացած Oriental Express— ը։
«Թուրքիան եւ Պակիստանը մինչ այժմ սահմանափակվում են հութիների՝ Սաուդյան Արաբիային աջակցող ուժերի դեմ հարձակումների եւ Սաուդյան Արաբիայի տարածքին հասցված հարվածների անիմաստ դատապարտումներով»,- գրում է թվային պարբերականը։
Հութիների հաջողությունը եւ Եմենի արեւմտյան ափին Սաուդյան Արաբիային հավատարիմ եմենցի ուժերի պարտությունը ձախողել է Սաուդյան Արաբիայի ծրագիրը։ Էր Ռիադը փորձել է Եմենում կրկնել «սիրիական սցենարը»՝ այն է՝ Բաշար Ասադի վարչակարգի տապալման օրինակով իշխանափոխություն իրականացնել, հայտնում է Al Akhbar-ը՝ վկայակոչելով հութիների շրջանում իր աղբյուրներին։
Նշվում է, որ իր այդ ծրագիրն իրականացնելու համար Սաուդյան Արաբիան պատրաստվել է ավելի քան մեկ տարի ու Սիրիայից զինյալներ է հավաքագրել։
Աղբյուրների խոսքով՝ հութիները հետախուզական տեղեկություններ են ստացել, որոնք հաստատում են Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայից արմատական զինյալների տեղափոխումը Եմեն՝ Սաուդյան Արաբիայի տարածքով։ Նշվում է նաեւ, որ Դամասկոսը մասնակցել է սալաֆիական խմբավորումների պատրաստմանը Սաուդյան Արաբիայի Ալ-Վադիա եւ Շարրա շրջաններում։
Հութիների հետախուզության տվյալների համաձայն՝ Թուրքիան նույնպես Եմենի տարբեր շրջաններ զինյալներ է տեղափոխել։
Արդյունքում՝ «սիրիական սցենարը» իրականացրել են հութիները, որոնք կայծակնային հարված են հասցրել Սաուդյան Արաբիային աջակցող ոչ մարտունակ ուժերի դիրքերին՝ վերահսկողության տակ վերցնելով նավթի համաշխարահային մատակարարման այլընտրանքային ուղին։