«Ոչ մի քաղաքական հաշվարկ չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա»․ Մհեր Մելքոնյան

«Ոչ մի քաղաքական հաշվարկ չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական իրականությունը կանգնած է այնպիսի հանգրվանի առաջ, որտեղ արդեն անհնար է լռությամբ շրջանցել տեղի ունեցող գործընթացները։ Խոսքը ոչ թե առանձին քրեական վարույթների, այլ պետական ինստիտուտների գործունեության որակի, իրավական պետության սկզբունքների և հանրային վստահության համակարգային խաթարման մասին է։
     Արդեն 300 օր է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ապօրինի զրկված է ազատությունից՝ կեղծ իրավական հիմքեր ունեցող գործընթացի շրջանակում: Նույն մտահոգիչ պատկերը առկա է նաև Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի պարագայում, ով նույնպես ավելի քան 300 օր գտնվում է ազատազրկման պայմաններում:
     Այս իրավիճակը այլևս չի կարող դիտարկվել որպես պատահական կամ մեկուսացված երևույթ։ Այն ձևավորում է համակարգային պատկեր, որտեղ իրավական ընթացակարգերը ենթարկվում են քաղաքական ազդեցության, իսկ արդարադատությունը կորցնում է իր հիմնական առաքելությունը՝ լինել անաչառ և հավասար բոլորի համար։
     Պետք է հստակ արձանագրել՝ երբ քրեական հետապնդման գործընթացները դառնում են ընտրովի, հակաօրինական և բացատրություն չունեցող, դա արդեն ոչ միայն իրավական, այլ նաև պետական կառավարման ճգնաժամի նշան է։ Սա չափազանց վտանգավոր զարգացում է ցանկացած պետության համար, որովհետև երբ խախտվում է օրենքի գերակայության սկզբունքը, սկսվում է ինստիտուցիոնալ վստահության քայքայումը։ Իսկ առանց վստահության պետական համակարգը կորցնում է իր կայունության հիմքերը։
     Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ թիրախում հայտնվել են հոգևոր առաջնորդներ, որոնց հասարակական դերը միայն կրոնական չէ, այլ նաև ազգային, արժեքային և համախմբող։ Նման գործընթացները անխուսափելիորեն անդրադառնում են հասարակական համերաշխության վրա՝ խորացնելով բևեռացումն ու անվստահությունը։
     Այս ամենը, ինչ կատարվում է սրբազանների նկատմամբ, կարելի է անվանել մեկ բառով՝ իրավական բեսպրեդել:
     Այս իրավիճակում ամենավտանգավորը լռությունն է և իրավական անորոշության շարունակականությունը։ Որովհետև յուրաքանչյուր շինծու, չհիմնավորված և երկարաձգվող գործընթաց ի վերջո վերածվում է ոչ թե արդարադատության, այլ ճնշման գործիքի:
     Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ և աներկբա արձանագրում․
     Իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն այս ապօրինի գործընթացները և առանց որևէ նախապայմանի ազատ արձակեն սրբազաններին։ Ցանկացած հետագա շարունակություն ոչ միայն խորացնում է իրավական ճգնաժամը, այլ նաև ուղղակիորեն խարխլում է պետության լեգիտիմությունն ու հասարակական վստահությունը։
     Հակառակ դեպքում ցանկացած ապօրինի քայլ միայն խորացնելու է պետական ճգնաժամը և խարխլելու է հանրային վստահության վերջին հիմքերը։
     Եվ վերջապես պետք է հստակ արձանագրել՝ ոչ մի ժամանակավոր ճնշում, ոչ մի քաղաքական հաշվարկ և ոչ մի վարչական որոշում չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա։
     Աստված օգնական, Սրբազան Հայրեր….»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *