Վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմի նախաձեռնած օրինագծին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 262 անդամ, դեմ՝ 159-ը։ Փաստաթուղթը նախատեսում է 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի եւ գազի խոշորագույն գնորդների, ինչպես նաեւ Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնող երկրների նկատմամբ։
Օրինագծի նպատակը, ինչպես նշված է հենց փաստաթղթում, «Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու եկամուտներից զրկելն է»։
Օրինագիծը գրվել էր վաղուց եւ փոքր-ինչ այլ տեսք ուներ։ «Դժոխային պատժամիջոցները» առաջ էր մղում սենատոր Գրեհեմը, սակայն դրան ընթացք տրվեց նրա մահից հետո։ Փաստաթղթում այս ընթացքում ավելացվել են ստվերային նավատորմի, Իրանի դեմ պատժամիջոցների դրույթները, իսկ գլխավոր փոփոխությունն այն է, որ Թրամփին տրվել է արտոնություններ եւ բացառություններ սահմանելու իրավունք։
Ավելի վաղ՝ օրինագծին հավանություն էր տվել Սենատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 86 կողմ, 11 դեմ։ Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը, որից հետո օրենքը կմտնի ուժի մեջ։ Հետագայում ԱՄՆ նախագահը պարտավոր կլինի սահմանել պատժամիջոցները եւ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ վերանայել դրանք։