Հայազգի գյուտարարը, որի «անպետք» սարքը փոխեց բանկային աշխարհը․ բանկոմատի պատմությունը

Այսօր բանկոմատը բանկային համակարգի ամենասովորական գործիքներից է։ Այն կարող է կանխիկ տրամադրել, ընդունել գումար, կատարել փոխանցումներ ու վճարումներ, իսկ որոշ նոր սարքեր արդեն աշխատում են նաև կենսաչափական նույնականացմամբ։

Սակայն բանկոմատի պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ շատ բանկիրներ պարզապես չէին հասկանում՝ ինչու պետք է մեքենան անի այն, ինչ կարող է անել բանկի աշխատակիցը։

Այդ պատմության ամենահետաքրքիր դեմքերից մեկը հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանն էր։

Բանկոմատ, որի համար շուկան դեռ պատրաստ չէր

1939 թվականին ԱՄՆ-ում Սիմջյանը ստեղծեց կանխիկ գումար տրամադրող ավտոմատ սարքի վաղ տարբերակներից մեկը։ Այն, իհարկե, քիչ ընդհանրություն ուներ ժամանակակից ATM-ի հետ։ Սարքը չէր կարող առցանց կապ հաստատել բանկի հետ, ստուգել հաշվի մնացորդը կամ ավտոմատ կերպով թարմացնել հաճախորդի բանկային տվյալները։ Սիմջյանն իր գաղափարը ներկայացրեց City Bank of New York-ին։ Բանկը սարքը փորձարկեց մոտ կես տարի, սակայն հետո հրաժարվեց դրանից։ Պատճառը պարզ էր․ հաճախորդները պատրաստ չէին վստահել իրենց ֆինանսական գործարքները մեխանիկական սարքին։ Գաղափարը փաստացի ժամանակից շուտ էր ծնվել։

Ո՞վ էր Լյութեր Սիմջյանը

Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել էր Օսմանյան կայսրությունում։ Հայոց ցեղասպանության տարիներին կորցնելով ծնողներին՝ նա հետագայում տեղափոխվել է ԱՄՆ։ Նրան վերագրվում է ավելի քան 200 արտոնագիր, իսկ նրա աշխատանքները միայն բանկային տեխնոլոգիաներով չէին սահմանափակվում։ Նրա գյուտերի թվում հիշատակվում են՝ ավտոֆոկուսով տեսախցիկի տեխնոլոգիաներ, գունավոր ռենտգենային սարք, գոլֆի մարզասարք, հեծանվային մարզասարք և այլ համակարգեր։ 1934 թվականին նույնիսկ Time ամսագիրն անդրադարձել էր նրա աշխատանքին գունավոր ռենտգենի ուղղությամբ։

Երկրորդ փորձը՝ Bankograph-ը

Սիմջյանը չհրաժարվեց գաղափարից։ 1960 թվականին նա ներկայացրեց Bankograph կոչվող սարքը։ Այս անգամ այն ոչ թե պարզապես կանխիկ էր տրամադրում, այլ նախատեսված էր գումար և չեկեր ընդունելու համար։ Սարքի ներսում տեղադրված փոքր տեսախցիկը նկարահանում էր ներդրված գումարը, գրանցում ամսաթիվն ու ժամը և հաճախորդին տրամադրում լուսանկարչական անդորրագիր։ Սակայն երկրորդ փորձն էլ լայն տարածում չստացավ։ 1960-ականների հաճախորդները դեռ պատրաստ չէին իրենց գումարը վստահել «երկաթե արկղին»։ Նյութում նշվում է, որ սարքից հիմնականում օգտվում էին այն մարդիկ, որոնք ցանկանում էին հնարավորինս քիչ շփվել բանկի աշխատակիցների հետ։ Մոտ կես տարի անց Bankograph-ը նույնպես հանվեց շահագործումից։

Շոկոլադի ավտոմատից՝ բանկոմատ

Մի քանի տարի անց նույն խնդրին արդեն Մեծ Բրիտանիայում անդրադարձավ Ջոն Շեպարդ-Բարոնը։ Պատմության հայտնի տարբերակի համաձայն՝ նրան հետաքրքրել էր շատ պարզ հարց․ եթե մարդը կարող է ցանկացած պահին ավտոմատից շոկոլադ գնել, ապա ինչո՞ւ չի կարող նույն կերպ սեփական գումարը ստանալ բանկից։

1967 թվականի հունիսի 27-ին Լոնդոնի Էնֆիլդ թաղամասում Barclays-ը տեղադրեց Շեպարդ-Բարոնի ստեղծած սարքը։ Ժամանակակից պատկերացմամբ այն նույնպես շատ տարօրինակ բանկոմատ էր։ Պլաստիկ քարտերի փոխարեն հաճախորդներն օգտագործում էին հատուկ վաուչերներ, որոնց վրա կային մեքենայի կողմից ճանաչվող նշումներ։ Մի գործարքով հնարավոր էր ստանալ առավելագույնը 10 ֆունտ ստեռլինգ։ Բայց ամենակարևոր փոփոխությունն արդեն տեղի էր ունեցել․ բանկը կարող էր փակ լինել, իսկ հաճախորդը՝ շարունակել գումար ստանալ։

Ինչու PIN-ը դարձավ 4-նիշանոց

Բանկոմատի զարգացման մյուս առանցքային անունը Ջեյմս Գուդֆելոուն էր։ 1966 թվականին նա արտոնագրեց քարտի և անհատական նույնականացման կոդի վրա հիմնված համակարգ։ Պատմության ամենահայտնի դրվագներից մեկը PIN-ի երկարության մասին է։ Սկզբնական տարբերակը նախատեսում էր վեցանիշ կոդ, սակայն, ըստ պատմության, նրա կինը ասել էր, որ սովորական մարդու համար ավելի հեշտ է հիշել չորս թիվ։ Արդյունքում աշխարհում տարածվեց հենց քառանիշ PIN-ը։

$8 հազար արժողությամբ սարք, որը «երբեք չէր փակվելու»

ԱՄՆ-ում բանկոմատի զարգացման հաջորդ փուլը կապվում է Դոն Վետցելի անվան հետ։ 1969 թվականին մշակված ամերիկյան սարքերն արդեն ավելի մոտ էին ժամանակակից ATM-ներին․ օգտագործվում էր մագնիսական շերտով քարտ, իսկ գործարքից հետո քարտը վերադարձվում էր հաճախորդին։

Այդ ժամանակ մեկ բանկոմատ արժեր մոտ $8 հազար, և արտադրողները ստիպված էին բանկերին համոզել, որ սարքը կարող է արդարացնել ծախսը։ Գլխավոր փաստարկը 24-ժամյա հասանելիությունն էր։ Chemical Bank-ի գովազդային ուղերձը դարձավ բանկոմատների պատմության ամենահայտնի արտահայտություններից մեկը․ 1969 թվականի սեպտեմբերի 3-ին բանկի մասնաճյուղը պետք է բացվեր առավոտյան և «այլևս երբեք չփակվեր»։

Սկզբում չէին վստահում, հետո առանց դրա այլևս հնարավոր չէր

Բանկոմատների պատմության մեջ հատկապես հետաքրքիր է այն, որ առաջին խնդիրն ամենևին էլ տեխնոլոգիան չէր։

Խնդիրը վստահությունն էր։

  • 1939-ին բանկերը չհասկացան, թե ինչու է նման սարք պետք։
  • 1960-ին հաճախորդները վախենում էին մեքենային գումար հանձնել։
  • 1967-ին £10 տրամադրող ավտոմատը դեռ փորձարարական նորություն էր։
  • Մի քանի տասնամյակ անց բանկոմատները արդեն դարձել էին համաշխարհային ֆինանսական ենթակառուցվածքի մաս։

Այնուհետև եկան մագնիսական շերտով քարտերը, չիպերը, բանկային ցանցերը, կանխիկի ընդունման համակարգերը, NFC-ն, սմարթֆոնները և կենսաչափությունը։

Տարիներ անց Շեպարդ-Բարոնը պատմել է մի դրվագ, որը թերևս լավագույնս ցույց է տալիս գյուտի ազդեցությունը։ 2007 թվականին Թաիլանդում նա տեսել է գյուղացու, որը եզներով քաշվող սայլով մոտեցել է բանկոմատին և մեքենայից օգտվելուց առաջ հանել գլխարկը։ Հենց այդ պահին, ըստ Շեպարդ-Բարոնի, իր մոտ առաջին անգամ իսկապես առաջացել է այն զգացողությունը, որ իրենց ստեղծած տեխնոլոգիան փոխել է աշխարհը։

Բայց այդ պատմությունից գրեթե երեք տասնամյակ առաջ հայազգի Լյութեր Ջորջ Սիմջյանն արդեն փորձում էր համոզել բանկերին, որ մարդու և իր փողի միջև պարտադիր չէ միշտ բանկի աշխատակից կանգնած լինի։ Եվ այն սարքը, որն սկզբում համարվել էր գրեթե անպետք, հետագայում դարձավ բանկային համակարգի ամենաճանաչելի տեխնոլոգիաներից մեկը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ապրել ինչպես Ռոքֆելլերը. աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատմությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *