Մակրոնը կհավաքի Ֆրանսիայի կուսակցական առաջնորդներին՝ քննարկելու անվտանգության հետ կապված սպառնալիքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ՝ քննարկելու միջազգային հակամարտությունները և դրանց ազդեցությունը Ֆրանսիայի անվտանգության և էներգետիկ ոլորտի վրա։

Ըստ Le Figaro-ի՝ հանդիպումը տեղի կունենա Ելիսեյան պալատում, որին կմասնակցեն վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն, զինվորականների և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ։

«Հաշվի առնելով վերջին օրերին արագ վատթարացող միջազգային իրավիճակը` hանրապետության նախագահը հրավիրել է խորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին քննարկելու Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունները և դրանց ազդեցությունը Ֆրանսիայի վրա անվտանգության և էներգետիկ ոլորտներում», – նշվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում։


Հրավիրված յուրաքանչյուր քաղաքական կուսակցության թույլատրվելու է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ՝ կուսակցության առաջնորդը կամ նախագահի թեկնածուն։ Հանդիպմանը հրավիրված են նաև Սենատի նախագահ Ժերար Լարշեն և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

Այս շաբաթվա սկզբին Ֆրանսիայի նախագահը բանակցություններ է վարել Իրաքի վարչապետի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և Քաթարի էմիրի հետ։ Այսօր Մակրոնը Փարիզում հյուրընկալում է Հորդանանի թագավորին և Լիբանանի նախագահին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *