ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 8-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 60-ամյա բնակիչը ձեռք բերում, պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Իրացնելով ստացված տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Ոսկեհասկ բնակավայր տանող ճանապարհի հարակից դաշտում 60-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 8 գրամ խիմկա տեսակի թմրամիջոց։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տան հարակից տարածքում նույնպես խիմկա տեսակի թմրամիջոց է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփ տեսակի 23 բույս, ացետոնային լուծույթով պլաստմասե տարա, իսկ նույն տարածքում գտնվող ամառային խոհանոցում՝ 22 գրամ խիմկա տեսակի թմրամիջոց։
60-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։