

«CEE Bankwatch Network» միջազգային բնապահպանական ցանցի թիմն այցելել է Հայաստան՝ ֆինանսական զարգացման բանկերի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով։
«CEE Bankwatch Network»-ն ավելի քան 30 տարի մոնիթորինգ է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերը՝ ուսումնասիրելով դրանց համապատասխանությունը բնապահպանական, սոցիալական և մարդու իրավունքների չափանիշներին։ Ցանցը կարևորում է ֆինանսավորման գործընթացների թափանցիկությունը, հանրային մասնակցությունն ու հաշվետվողականությունը։
Երևանում «CEE Bankwatch Network»-ի թիմը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։ ՎԶԵԲ-ի գրասենյակում քննարկվել են բանկի կողմից ֆինանսավորվող թափոնների կառավարման ծրագրերը, ինչպես նաև Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցեր։
ՎԶԵԲ-ը մինչև 2020 թվականը եղել է «Լիդիան Ինթերնեյշնլ» (Lydian International) ընկերության բաժնետեր՝ 6․5 տոկոս մասնաբաժնով։ Այն ժամանակ «Lydian International»-ի ակտիվներում միայն մեկ նախագիծ կար՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը։ 2020 թվականին ՎԶԵԲ-ը դադարեցրեց իր ֆինանսական մասնակցությունը և դուրս եկավ ծրագրից՝ «Lydian International»-ի վերակառուցման և անվճարունակության գործընթացի ընթացքում։
Չնայած նրան, որ ներկայում ՎԶԵԲ-ն ուղիղ ֆինանսավորում Ամուլսարի ծրագրում չունի, սակայն տիրապետում է «Ամերիաբանկի» 10 տոկոս բաժնեմասը, այսինքն, այն բանկի, որը 2025 թվականին 150 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ամուլսարի ծրագրին։ Նույն թվականին ՎԶԵՎ-ը հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ «Ամերիաբանկ»-ի համար՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին վերավարկավորելու նպատակով։
CEE Bankwatch Network միջազգային ցանցի «Քաղաքները մարդկանց համար» ռազմավարական ուղղության առաջնորդ Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթի խոսքով՝ «CEE Bankwatch Network»-ը ներգրավված է Ամուլսարի վերաբերյալ մի շարք բողոքների գործընթացներում, այդ թվում՝ ՎԶԵԲ-ի հաշվետվողականության մեխանիզմի շրջանակում համապատասխանության ստուգում և Բնության և վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) կողմից «stand-by» ակտիվ դիտարկման գործընթացներում։
«Կարևոր է նշել, որ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն առաջարկություն է ներկայացրել, ըստ որի Ամուլսարի հանքին անհրաժեշտ է նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)։ Իր վերջին հաղորդագրության մեջ քարտուղարությունը կոչ է արել Հայաստանին ապահովել, որ հանքավայրի շահագործման ծրագրի առաջընթացը կասեցվի մինչև նման գնահատման իրականացումը։ Ցավոք, դա դեռ չի արվել», – նշել է նա։

Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթի խոսքով՝ «Ամերիաբանկի» կողմից Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը պահանջում է գնահատել ռիսկերը։ «Այժմ Ամերիաբանկն է Ամուլսարի ներդրողը, և պետությունը երաշխավորել է այդ ներդրումը։ Մենք հասկանում ենք, որ պետական երաշխավորության պայմաններում, կարծես թե, ֆինանսական մեծ ռիսկ չկա։ Սակայն կարծում ենք, որ պետք է հաշվի առնել բնապահպանական, սոցիալական, մարդու իրավունքների հետ կապված ռիսկերը», – ասել է նա։
Ըստ Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթի՝ որպես ֆինանսական միջնորդ «Ամերիաբանկը» պետք է կիրառի զարգացման բանկերի համապատասխան չափանիշները, որոնք ներառում են ազդեցությունների և ռիսկերի գնահատում, մեղմացման միջոցառումներ, շահագրգիռ կողմերի ներգրավում, աշխատանքային և հողի իրավունքների, ինչպես նաև կենսապահովման հետ կապված հարցեր։
«Այս հարցերի շուրջ մինչ այժմ բավարար թափանցիկություն չի եղել», – նշել է նա և հավելել, որ «CEE Bankwatch Network»-ը փորձում է երկխոսություն սկսել «Ամերիաբանկի» հետ՝ հասկանալու, թե ինչպես են կառավարվում Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ռիսկերը։ «Մենք հանդիպում ենք խնդրել բանկից, սակայն այն չի կայացել», – նշել է Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթը։
«CEE Bankwatch Network»-ի կենսաբազմազանության փորձագետ Անդրեյ Ռալևն ուսումնասիրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հնարավոր ազդեցությունը կենսաբազմազանության և Հայաստանում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների վրա։
Ռալևը «CEE Bankwatch Network»-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի և «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի անունից բողոք է ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն։
Բողոքում նշվում է, որ ՀՀ կառավարությունը հաշվի չի առել Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ում ներկայացված այն տվյալները, որոնք մատնանշում էին ծրագրի հնարավոր էական ազդեցությունը «Էմերալդ» բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող թեկնածու տարածքների՝ «Ջերմուկ»-ի, «Գորայք»-ի և «Սևան»-ի բուսական ու կենդանական աշխարհի վրա։
Անդրեյ Ռալևի գնահատմամբ՝ հանքի շահագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ավելի քան 70 պաշտպանվող կենդանատեսակների, տասնյակ էնդեմիկ բուսատեսակների, ինչպես նաև Սևանա լճի վրա։
Հայաստանը 2016 թվականին առաջարկել էր 23 «Էմերալդ» թեկնածու տարածք, որոնք միասին զբաղեցնում էին երկրի տարածքի 34,8 տոկոսը՝ 1 033 719,5 հեկտար։ 2023 թվականին տարածքների վերանայման արդյունքում առաջարկվել է 30 թեկնածու տարածք, բայց ավելի քիչ մակերեսով՝ ընդհանուր 707 739,22 հեկտար կամ երկրի տարածքի 23,8 տոկոսը։
«CEE Bankwatch Network»-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Ամուլսարի ծրագրի ազդակիր Ջերմուկ համայնք և հանդիպել տեղի բնակիչների հետ։

Գնդեվազ բնակավայրի բնակիչ Միհրդատ Ներսիսյանը, ով տարիներ շարունակ դեմ է արտահայտվում Ամուլսարի ծրագրին, ասում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները զգալիորեն ակտիվացել են։ Նրա խոսքով՝ կառուցվել են ճանապարհներ, հարթակ և ջրամբար, իսկ հանքի տարածքում իրականացվում են ապարների հեռացման աշխատանքներ։ «Մարդկանց մոտ հիասթափություն է, քանի որ պետական մարմինները ոչինչ չեն անում։ Իսկ մեզ պետք է, որ բոլոր ռիսկերը մեզ հետ քննարկվեն։ Մեր Արփա գետն իրենց հարթակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է, իսկ այդ ջրով սնվում է մի ամբողջ մարզ։ Դա մեծ վտանգ է։ Այլ վտանգներ էլ կան՝ փոշին, ցիանիդի օգտագործումը։ Մոտ 1000 տոննա նատրիումի ցիանիդ պետք է բերեն և պահեստավորեն այստեղ։ Մեծ ռիսկեր ենք տեսնում», – նշել է Գնդեվազի բնակիչը և հավելել՝ համայնքում կարծիքները բաժանվել են։ Մի մասը հանքի շահագործման արդյունքում ակնկալում է աշխատատեղեր, մյուս մասը մտահոգված է բնապահպանական հետևանքներով։
«Ես՝ ինքս, մտածում եմ, որ սա մեծ աղետ է և ակնկալում եմ աջակցություն միջազգային կազմակերպություններից, նախարարություններից, որպեսզի մեր պայքարն ակտիվանա։ Այսօր էլ նոր ՇՄԱԳ ենք պահանջում, թող ապացուցեն, որ անվտանգ է, բայց գիտենք, որ անհնար է դա ապացուցել», – ասել է Միհրդատ Ներսիսյանը։

Մյուս բնակիչները նշում են, որ գյուղում ավանդաբար զբաղվել են գյուղատնտեսությամբ, սակայն հանքի շահագործման պայմաններում գյուղատնտեսության ապագան անորոշ են համարում։ Նրանց խոսքով՝ հանքը կարող է ժամանակավորապես աշխատատեղեր ստեղծել, սակայն շահագործումից հետո համայնքը կանգնելու է նոր եկամտի աղբյուր փնտրելու հարցի առաջ։
Բնակիչների խոսքով՝ առավել խոցելի վիճակում են այն մարդիկ, որոնք ոչ հող են վաճառել հանքարդյունաբերական ծրագրի համար, ոչ էլ աշխատանք ստացել։ Նրանք մտահոգված են շրջակա միջավայրի աղտոտմամբ և նշում են, որ այդ պայմաններում դժվար է պատկերացնել գյուղատնտեսության շարունակական զարգացում։
Մտահոգություններ կան նաև զբոսաշրջային և առողջարանային Ջերմուկի ապագայի վերաբերյալ։ Բնակիչների գնահատմամբ՝ տարածաշրջանում զարգացած զբոսաշրջությունը կարող է տուժել հանքավայրի շահագործման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերից։
Ֆիդանկա Բաչևա-Մակգրաթի խոսքով՝ Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթերն արդեն մի քանի տարվա վաղեմություն ունեն, ինչն առավել կարևոր է դարձնում դրանց վերանայումը։
«Առանց ՇՄԱԳ-ի վերանայման հնարավոր չէ քննարկել այս հարցերը։ Եվ մենք գիտենք, որ խնդիրներ վաղ թե ուշ ի հայտ են գալու։ Կլինեն խնդիրներ աշխատողների կրճատումների հետ կապված, քանի որ հայտնի է՝ շինարարության փուլում սովորաբար ավելի շատ աշխատուժ է պահանջվում, քան շահագործման փուլում։
Մի խնդիր էլ կա՝ կապված ապարների կուտակման վայրերի և դրանցից առաջացող թթվային դրենաժի հետ։ Սա այն հարցերից մեկն էր, որը նշված էր Ամուլսարի ծրագրի գնահատում իրականացրած միջազգային ELARD կազմակերպության զեկույցում։ Սակայն այդ հարցի վերաբերյալ թարմացում չի եղել՝ արդյոք նախատեսվում են լրացուցիչ միջոցառումներ այս խնդիրը կառավարելու համար, թե ոչ», – նշել է Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը։
Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է նաև պատշաճ կերպով արձագանքել Բեռնի կոնվենցիայի քարտուղարության առաջարկություններին, շարունակել հանրային խորհրդակցությունները և ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցությունների կառավարման լիարժեք գործընթաց։
Սեպտեմբեր 18, 2026 at 19:20