Ցնցող բացահայտում է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ Ստամբուլում հայ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը», – ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում, փոխանցում է «Ակոսը»։
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, պայմանագիրն է նախաստորագրված, ապա ինչո՞ւ է Բաքուն խոչընդոտում հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ի՞նչ շահ ունեն հայ-թուրքական սահմանը փակ պահելուց։
Որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են առնում Ալեն Սիմոնյանի այս խոսքը, կարծիք հայտնում, թե նա կա՛մ անտեղյակ է, կա՛մ մոլորեցնում է ժողովորդին։ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատել։ Այդ մասին բոլորը գիտեն։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր, ամեն ամբիոնից խոսում է առաջիկայում բացվող ճանապարհների մասին, որոնք Հայաստանի տարածքով կապելու են Թուրքիան ու Ադրբեջանը։ Այսինք՝ եթե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում ռեալ շահելու են Թուրքիան ու Ադրբեջանը, ապա ինչո՞ւ պետք է վերջինս խոչընդոտի։
Որոշ քաղաքագետներ էլ կարծիք են հայտնում, թե Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունն ապացուցում է, որ իրականում ոչ մի խաղաղություն էլ չկա։
Տևական ժամանակ ասում էին, թե տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Արցախի ինքնորոշման, ազատության խնդիրն է։ Եվ ենթադրում էին, թե եթե Արցախը տանք, ապա խաղաղություն կլինի, սերգոջանները հանգիստ կապրեն։ Խելացի մարդիկ բացատրում էին, որ Արցախը հանձնելուց հետո խաղաղություն չի լինելու։ Այսինքն՝ տարածաշրջանում խաղաղության համար այլ բան էր պետք անել, ազատ Արցախը խաղաղության սպառնալիք չէր։
Հիշենք, որ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը փակեց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, պատճառաբանելով, թե դա անում են Ադրբեջանի խնդրանքով, քանի որ ՀՀ-ն վերահսկողություն է սահմանել Ադրբեջանի որոշ տարածքներում։ Հիմա, երբ Արցախը զավթված է, այնտեղ հայ չկա, խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կրակոց չկա սահմանին, բայց հայ-թուրքական սահմանը փակ են պահում, նշանակում է՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ավարտը ո՛չ տարածաշրջանի խաղաղության հետ կապ ունի, ո՛չ էլ հայ-թուրքական սահմանը բացելու։ Այսինքն՝ եթե հայ-թուրքական սահմանը փակվել էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառով, ապա հիմա, երբ կոնֆլիկտը փաստացի չկա, ինչո՞ւ է Ադրբեջանը խոչընդոտում, որ սահմանը բացվի։
Ի՞նչ է դուրս գալիս։ Իզուր հանձնեցի՞ն Արցախը։ Եթե խաղաղություն չէր լինելու ու հայ-թուրքական սահմանը չէր բացվելու, շրջափակումը չէր վերանալու, ապա ինչո՞ւ հանձնեցին ու դատարկեցին Արցախը։
Եվ վերջապես՝ կա ողջամիտ կասկած, ըստ որի՝ ոչ թե Ադրբեջանն է խոչընդոտում, այլ ՔՊ-ն դարձել է Փաշինյանի ռուսամետ պայմանավորվածությունների գերին, չի կարողանում ողջամիտ քայլեր անել, ինչից հետո Թուրքիան կարհամարհի Բաքվի ենթադրյալ խոչնըդոտները, կվերացնի տասնամյակներ տևող շրջափակումը։
Տարրական քաղաքական գիտելիք ունեցողը գիտի, որ երկու պետությունների միջև իրական խաղաղություն հնարավոր է, երբ երկուսն էլ անկախ են։ Այս առումով՝ ենթադրելի էր, որ եթե ՀՀ-ն ամրացներ իր անկախությունը, ՀՀ տարածքից դուրս հրավիրեր ռուսական զորքերը, լյուստրացիայի մասին օրենք ընդուներ, դուրս գար ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԵՄ-ի միանալու հայտ ներկայացներ, ապա դրանից հետո հնարավոր կլիներ իրական խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ու սահմանը բացել։
Այսինքն՝ եթե տարածաշրջանում ռուսական ներկայությունը չեզոքացվեր, ապա տարածաշրջանում խաղաղություն կլիներ։ Նույնիսկ հնարավոր էր, որ ճանաչեին Արցախի անկախությունը կամ միացումը Հայաստանին, եթե ՀՀ-ն իրապես անկախ ու ժողվրդավարական պետություն դառնար։ Հիմա էլ եթե ՀՀ իշխանությունն անկախության և ժողովրդավարության ամրացման հիշյալ ռեալ քայլերն անի, ապա խաղաղություն կլինի, շրջափակումն էլ կվերանա։
Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանն այս բացահայտմամբ խոստովանեց, որ խաղաղություն չկա, Փաշինյանի խաղաղության օրակարգը ջախջախված է։ Իսկ եթե այդպես չէ, և ՔՊ-ն իսկապես խաղաղություն է ուզում, ապա նրանք պետք մարդասիրական խիզախություն դրսևորեն ու ժողովրդին պարզ ասեն, թե ինչո՞ւ Արցախը հանձնելուց հետո խաղաղություն չկա, շրջափակումը չի վերանում, սահմանը չի բացվում։
Թաթուլ Մկրտչյան