X սոցիալական ցանցը (նախկին Twitter-ը) հայտնվել է քննադատության կենտրոնում այն հաղորդումներից հետո, ըստ որոնց հարթակը հրաժարվում է հեռացնել տասնյակ հրապարակումներ, որոնք պարունակում են ռասիստական արտահայտություններ և վիրավորանքներ՝ ուղղված բրիտանացի քաղաքական գործիչների հասցեին։
Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով British Future վերլուծական կենտրոնի հետազոտությանը, մի շարք դեպքերում օգտատերերն ու հետազոտողները բողոքներ են ուղարկել այն գրառումների վերաբերյալ, որոնք պարունակում էին ռասիստական վիրավորանքներ քաղաքական գործիչների նկատմամբ, այդ թվում՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոխի հասցեին։
Հետազոտության տվյալներով, նրա հասցեին արձանագրվել է մոտ 30 հրապարակում՝ ռասիստական արտահայտություններով։ Դեպքերի մեծ մասում, ինչպես պնդում են զեկույցի հեղինակները, հարթակը որևէ գործողություն չի ձեռնարկել՝ չնայած «ատելություն, վիրավորանք կամ հետապնդում» ստանդարտ բողոքարկման գործառույթի օգտագործմանը։
Հետազոտողները պնդում են, որ X-ը ավելի հաճախ արձագանքում է միայն այն բողոքներին, որոնք ձևակերպված են որպես հավանաբար անօրինական բովանդակություն՝ բրիտանական առցանց անվտանգության մասին օրենքի (Online Safety Act) շրջանակում։ Նման դեպքերում հրապարակումները կարող են սահմանափակվել Մեծ Բրիտանիայում դիտելու համար, սակայն հասանելի են մնում այլ երկրներում։
British Future-ի հետազոտողներից Ավես Մոհամմադը հայտարարել է. «Շատ մարդիկ բնազդաբար հաղորդում են ռասիստական հրապարակումների մասին որպես «ատելություն, վիրավորանք կամ հետապնդում»”, բայց, կարծես, X-ը դա չի դիտարկում որպես ատելություն։ Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ հեռացումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ գրառումը նշվում է որպես անօրինական»։
Զեկույցի տվյալներով, նմանատիպ խնդիրներն անդրադարձել են նաև այլ հանրային դեմքերի, այդ թվում՝ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների վրա։ Կարգավորող Ofcom-ը հայտարարել է, որ հարթակները պարտավոր են ունենալ առցանց անվտանգության մասին օրենքի պահպանման մեխանիզմներ, սակայն չի սահմանում առանձին հրապարակումների հեռացման վերաբերյալ կոնկրետ որոշումներ։ Հարթակների կողմից պահանջների կատարման ստուգումը շարունակվում է։
Ավելի վաղ հարթակի սեփականատեր Իլոն Մասկին և հենց X հարթակին Մեծ Բրիտանիայում բազմիցս քննադատել էին բովանդակության մոդերացիայի և վնասակար հաղորդագրությունների տարածման նկատմամբ իրենց մոտեցման համար։