Բաքուն «շանտաժի» է ենթարկում Փարիզին․ Reuters

Ֆրանսիան, Ադրբեջանի ճնշման ներքո, կոչ է անում ԵՄ-ին վերացնել ռուս-ուզբեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ եվրոպացի երեք դիվանագետներ։

Նրանց խոսքով՝ Ֆրանսիան, հետևելով Սլովակիային, հանդես է եկել Ուսմանովի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու կոչով։ Լեռնամետալուրգիական ոլորտի մագնատը Եվրոպայում մի շարք դատական գործընթացներ է նախաձեռնել՝ պատժամիջոցների վերացմանը հասնելու նպատակով, իսկ նրա փաստաբանները վիճարկել են ԶԼՄ-ներում տարածված այն պնդումները, որոնք հիմք են հանդիսացել սահմանափակումների կիրառման համար։

Եվրոպացի դիվանագետները հայտնել են, որ Բաքուն Ուսմանովի գործոնն օգտագործում է «շանտաժի» համար՝ Ադրբեջանում պահվող երկու Ֆրանսիայի քաղաքացիների գործի հետ կապված։ Նրանցից մեկին Փարիզը համարում է ապօրինի կերպով ձերբակալված։ Բաքուն արդեն Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել լրտեսության մեղադրանքով։

Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը Reuters-ին հայտնել է, թե Բաքուն ճնշում չի գործադրել Փարիզի վրա՝ Ալիշեր Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելու համար։

«Ադրբեջանը երբեք չի միջամտել և չի մասնակցել ԱՄՆ-ում կամ Եվրոպական միությունում պատժամիջոցների գործընթացներին»,- հայտարարել է դիվանագետը՝ նման տեղեկություններն անվանելով «անհիմն»։

Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Բաքուն բացահայտորեն հանդես է եկել Ուսմանովին արևմտյան պատժամիջոցների ցուցակներից հանելու օգտին։ Ադրբեջանը Թյուրքական պետությունների կազմակերպության այլ երկրների հետ միասին 2023-2025 թվականներին դիմել է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *