«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ՝ վաղ առավոտյան, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով, մասնավոր բիզնես ջեթ ինքնաթիռով մեկնեց Գերմանիա։ «Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, Փաշինյանին կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Այցի ընթացքում վարչապետը նաեւ Ֆրանկֆուրտի արդյունաբերության եւ առեւտրի պալատում կհանդիպի տեղի գործարարների հետ»,- հաղորդեցին կառավարությունից։ Թվում էր, թե իշխանական քարոզչամեքենան այս իրադարձությունը կդարձներ լուրերի թոփ թեման, թե ինչպես է Փաշինյանը խաղաղություն բերել Հայաստանին ու վաստակել այդ մրցանակը, սակայն բոլորն էլ գիտեն, որ Փաշինյանի բերած թե՛ «խաղաղությունն» է կեղծ, թե՛ այդ մրցանակը, որով Արեւմուտքը, ըստ որոշ շրջանակների, փորձելու է սիրաշահել հայ ընտրողների, ՀՀ քաղաքացիների սիրտը՝ նոր տարածքային եւ այլ զիջումներից առաջ։
Ուստի Փաշինյանն անձամբ փորձեց թեման շեղել եւ Գերմանիա մեկնելու ճանապարհին հանդես եկավ լրատվամիջոցների դեմ խայտառակ գրառմամբ՝ փորձելով ծաղրի ենթարկել իրեն քննադատող լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք հետաքրքրվում են, թե ինչ ինքնաթիռով է նաեւ մեկնել Գերմանիա։
Ի դեպ, վերջին շրջանում նա շարունակ խոսում է հարստանալու, ունեցվածք ու կարողություն կուտակելու մասին, անընդհատ հարց է տալիս` իսկ ինչու ես հյուրանոցներ ու հանգստյան տներ չունեմ, երեկ էլ իբր կատակում էր, որ այդ բիզնես դասի ինքնաթիռն իր պապն է նվիրել: Այս տեքստերն ակնհայտորեն մատնում են, որ հարստանալու թեման նրա ուղեղից դուրս չի գալիս, թերեւս նաեւ այդ պատճառով պետական ծառայողների աշխատավարձերը կտրուկ բարձրացրին, իսկ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկվեց: