Արցախցիներին ուզում են ստիպել լքել նաև Հայաստանը. Արեգա Հովսեփյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի խոսքով՝ այսօր Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի օրն է, և հայ ժողովուրդը պարտավոր է հիշել հայրենիքը մինչև վերջին փամփուշտը պաշտպանած հերոսներին։

Նա ընդգծել է, որ Արցախահայության սոցիալական խնդիրները շարունակում են մնալ ծանր, իսկ արցախցիները հաճախ չգիտեն՝ որ դուռը թակել։

«Սա ես համարում եմ պետական հատուկ քաղաքականություն, որպեսզի արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը։ Չկա Արցախ, չկան արցախցիները Հայաստանում, չկա արցախյան էջը՝ ես այսպես եմ մեկնաբանում»,- ասել է Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատրաստվում է խորհրդարանում ներկայացնել արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ՝ ներառյալ առանձին արտոնություններ և աջակցության ծրագրեր։ Հովսեփյանը նշել է, որ գործող ծրագրերի անարդյունավետության մասին է վկայում նաև արցախցիների շրջանում գործազրկության բարձր մակարդակը։

Անդրադառնալով Արցախի հայկական մշակութային ժառանգությանը՝ նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է բարձրաձայնեն և դատապարտեն հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը կամ պղծումը՝ անկախ նրանից, թե աշխարհի որ երկրում է դա տեղի ունենում։

«Մենք տեր ենք մեր մշակույթին, մեր պատմությանը և մեր ինքնությանը»,- ասել է Հովսեփյանը։

Նա նաև քննադատել է այն քաղաքական մոտեցումները, որոնց դեպքում, իր գնահատմամբ, եվրոպական արժեքներից խոսող շրջանակները Արցախում ուժի կիրառմամբ ձևավորված իրավիճակը լեգիտիմացնող քայլեր են անում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *