«Բաքվի ռազմական դատարանի կողմից ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բանտում խտրականության դեպքեր չեն արձանագրվել», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան։
Ուրբաթ օրը Վարդանյանը դիմում էր հղել Ադրբեջանի մարդու իրանունքների պաշտպանին, որում բարձրացրել էր հայ կալանավորների պահման պայմաններին վերաբերող մի շարք հարցեր։ Վարդանյանը Ալիևային խնդրել էր հանդիպել իր հետ։
«Օմբուդսմենի հանդիպումները (խմբ.) հայկական ծագում ունեցող անձանց, այդ թվում՝ Վարդանյանի հետ, անցկացվել են նախաքննության ընթացքում, դատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դատապարտվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո», – պատմել է Ալիևան։
«Հաստատվել է, որ նշված անձանց նկատմամբ որևէ խտրականություն չի արձանագրվել։ Ապահովվում է նրանց իրավունքների իրացումը, տեղեկատվության հասանելիությունը՝ հեռուստատեսության, գրքերի, ամսագրերի և այլ միջոցներով, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական սպասարկումը», – նշել է օմբուդսմենը։
Սեպտեմբերի 4-ին կայացած ասուլիսում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ ղեկավար Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ Ադրբեջանում հայ գերիների մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։
«Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ խաչի տեսքով դաջվածքների պարագայում դրանք այրվել են, այսինքն մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, կամ եղել են դեպքեր, երբ մենք արձանագրել ենք, որ հարկադրել են Ղուրան ընթերցել։ Նման փաստերը արդեն իսկ վկայում են, որ քրիստոնյա լինելը ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը նաև դժվարեցնում է քաղաքակրթական երկխոսությունը Ադրբեջանի հետ։ Այս տարը կարծում եմ գոյություն ունի»․– ասել չէր իրավապաշտպանը։