Երևանի քաղաքապետարանից այսօր հայտնել էին, որ «Վագա Ֆարմ» ընկերությանը պատկանող թվով 22 դեղատներում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են 25 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների ու մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի վաճառք։
«Վագա ֆարմ» -ի հիմնադիր Վահե Վարսանյանն արձագանքել է քաղաքապետարանի ստուգներին՝ նշելով, որ «խախտումների» հայտնաբերումը իրականում այլ մոտիվ ունի․
«Լրատվամիջոցներով տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հսկողություն իրականացնում «Վագա-ֆարմ»-ի 22 դեղատներում: Եվ ստուգումների արդյունքը՝ վարչական իրավախախտման 25 դեպք, որից պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառք ՝ 12, չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև 50 միկրոնի պոլիէթիլային պարկերի՝ 2, առանց թույլատվության գովազդի տեղադրման՝ 11 :
Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է: Օրինակ՝ տեսանյութում ներկայացվում է 06.2026 թվականին արտադրված ծովի աղ՝ պիտանելիության 2 տարի ժամկետով, արտադրողի մակնշումով, որն արտացոլում է նաև պիտանելիության ժամկետը: Դա ներկայացնում են որպես կրկնակի գնապիտակ ու ընդգրկում ՙ վարչական իրավախախտումների երկար ցանկում՝ որպես պիտանլիության ժամկետի խախտման դեպք:
Նույն սկզբունքով՝ մյուս «խախտումները» :
Իսկ գովազդի տեղադրման խախտումների բոլոր դեպքերով քաղաքապետարանը դատարանում պարտվել է. այսինքն՝ այս դեպքում եւս որևէ խախտում չկա:
Սպառողը կարող է տպավորություն ստանալ, որ «Վագա ֆարմ» դեղատնային ցանցում վաճառվում են ժամկետանց ապրանքներ՝ այդ թվում՝ դեղեր, ինչը իրականությանը չի համապատասխանում և դեղատնային ցանցի հեղինակությունն արատավորելու ուղիղ փորձ է: Քաղաքապետարանի կողմից կինոօպերատորով, տագնապեցնող երաժշտությամբ ծովի աղի պիտանելիության ժամկետի
«խախտումների» հայտնաբերումը իրականում այլ մոտիվ ունի:
Սա պատասխան է «Վագա ֆարմի» ՝Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին:
«Վագա ֆարմ» -ը 2026 թ.-ի հուլիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Երևանի քաղաքապետարանի «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ջենի Հովսեփյանի և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման փաստով։
Նշված պաշտոնյաները՝ Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ, մերժել են «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը ավելի բարձր (540.000 ՀՀ դրամ) վարձավճարով վարձակալության հանձնելու «Վագա ֆարմ» -ի առաջարկը՝ փոխարենը 2 տարի ժամկետով վարձակալության հանձնելով նույն տարածքը «Նատալի ֆարմ դեղատուն» ՍՊԸ-ին՝ ամսական 300.000 ՀՀ դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առնվազն 6.624.000 ՀՀ դրամի վնաս։
Այս հաղորդման օրինակն ուղարկել ենք նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ստացել հետևյալ պատասխանը. «Երևանի քաղաքապետարանի իրավասությունների և գործառույթների մեջ չի մտնում քրեաիրավական գնահատական տալը»:
Բնականաբար, դիմումով Երևանի քաղաքապետարանից նկարագրված արարքի քրեաիրավական գնահատական չէր ակնկալվել. Երևանի քաղաքապետարանի գործառույթներում է՝ որպես գործատու իր աշխատողների գործողություններին իրավական գնահատական տալը, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը:
Քաղաքապետարանի գրավոր այս արձագանքից հետո դիմեցինք երկրորդ անգամ՝ նույն ակնկալիքով, որի պատասխանն , արդեն, դեղատնային ցանցի սոտւգումների տեսքով էր:
Եթե «Վագա ֆարմ»-ի՝ պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափով վնասի դեպքի մասին հաղորդմանը որևէ հակափաստարկ ունենային, դա կներկայացնեին նույն ռեժիսուրայով՝ կինոօպերատոր, խորհրդավոր երաժշտություն, ԶԼՄ-ներ: Որքան էլ նման ապատեղեկատվությամբ փորձեն մոլորեցնել հանրությանը կամ «Վագա ֆարմ»-ին տհաճություններ պատճառել , միևնույն է՝ հարցը մնում է ակտուալ ու անպատասխան՝ ինչու՞ է քաղաքապետարանի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանին ներվում պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափի վնասը»: