Ռուսաստանում ոչ բոլորն են աջակցում այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում

Ռուսաստանի ԿԸՀ-ն սեպտեմբերի 21-ին ամփոփել է Պետդումայի 9-րդ գումարման ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ իշխող ուժը՝ «Եդինայա Ռոսիան», ստացել է ձայների շուրջ 58 տոկոսը։  Մինչ Մոսկվան այս ցուցանիշը ռեկորդային է համարում, Եվրամիությունն ընտրությունները կեղծ է որակում և հայտարարում դրանց արդյունքները չճանաչելու մասին։ Սրանք Ռուսաստանում խորհրդարանական առաջին ընտրություններն են, որ անցկացվում են Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո: Քվեարկություն է կազմակերպվել նաև ուկրաինական օկուպացված տարածքներում։

Քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսի հաշվարկից հետո Ռուսաստանի Պետդումայի եռօրյա ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը իշխող «Եդինայա Ռոսիան» է՝ 57.83 տոկոսով։ ԿԸՀ-ի նախնական հաշվարկով՝ կուսակցությունը հավակնում է  Պետդումայի 450 տեղերից  մոտ  355-ին։ Վերջնական արդյունքները դեռ հաշվարկվում են։

Շուրջ 7 միլիոն ընտրող քվեարկել է հեռավար էլեկտրոնային եղանակով։ Այս համակարգը գործել է Ռուսաստանի 32 տարածաշրջաններում։ 2026-ի ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ համակարգը կիրառվել է ավելի լայն աշխարհագրությամբ։ Reuters-ի հետ զրույցում Մոսկվայի բնակիչները թերահավատորեն են արտահայտվել հենց էլեկտրոնային քվեարկության արդյունքների մասին։

«Չգիտեմ։ Հաշվի առնելով էլեկտրոնային  քվեարկության ներկայիս ընթացակարգը՝ կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ արդյունքները կլինեն հենց այնպիսին, ինչպիսին կազմակերպությունը կցանկանար։ Որովհետև շատ հեշտ է կեղծել էլեկտրոնային քվեարկությունը»։

Պետդումայի 450 տեղերի համար պայքարում էր 10 կուսակցություն։ Նախնական տվյալներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն։ Ակնկալվում է, որ  «Եդինայա Ռոսիայից» բացի  խորհրդարանում կլինեն  Կոմունիստական կուսակցությունը`13.8 տոկոսով, ազգայնական դիրքավորում ունեցող ԼԴՊՌ-ը`շուրջ 9, «Նոր մարդիկ»՝ շուրջ 7  ու «Արդար Ռուսաստանը՝ շուրջ 5 տոկոսով։

Ընտրությունների գլխավոր սկանդալը կապված էր «Յաբլոկո» կուսակցության հետ։ ԿԸՀ-ն սկզբում գրանցել էր քաղաքական ուժի ցուցակը, սակայն ավելի ուշ Գերագույն դատարանը չեղարկել էր գրանցումը՝ ֆինանսավորման և քարոզչական նյութերի հետ կապված վեճի հիմքով։ Կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը  պնդել էր՝  իրական պատճառներն այլ են։

««Յաբլոկո»-ն հեռացվեց ընտրություններից, քանի որ մենք հանդես ենք գալիս հանուն խաղաղության և ազատության։ Մինչդեռ նրանք, ովքեր մեզ հեռացրին ընտրություններից, հակառակ քաղաքական ուղղության կողմնակիցներ են։»

Քննադատության մեկ այլ պատճառ էր միջազգային դիտորդների բացակայությունը։ ԵԱՀԿ-ն հայտարարել էր, որ ընտրությունները չեն համապատասխանում Կոպենհագենի փաստաթղթով ստանձնած պարտավորություններին, իսկ  Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը նշել էր․

«Պետական ​​դումայի ընտրությունների անցկացման ձևը փաստում է Ռուսաստանում ժողովրդավարության շարունակվող և խորացող քայքայումը»։

Վիգանդն անդրադարձել է նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում անցկացված քվեարկությանը․ Եվրամիությունը, նրա խոսքով, այդ տարածքներում անցկացված ընտրությունը չի ճանաչում։

«Այսպես կոչված ընտրությունները միջազգային իրավունքի ևս մեկ կոպիտ խախտում են։»

Ակտիվ են եղել  նաև արտերկրում բնակվող ռուսաստանցիները։ Հայաստանում, մասնավորապես,  քվեարկության օրը Ռուսաստանի դեսպանատան մոտ հերթեր էին գոյացել։ Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել էր, որ  երկու ընտրատեղամաս է ձևավերվել՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիում գլխավոր հյուպատոսության շենքում: «Շատ մեծ հոսք է քվեարկողների, մարդիկ ակտիվ գալիս են։  Միայն երկու հիմնական ընտրատեղամասերում՝ Երևանում և Գյումրիում, մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 15։00-ն, քվեարկել էր 1808 մարդ»։

Երևանում քվեարկած ռուսաստանցիներից մեկի՝  Վալերիի համար այս ընտրություններն առաջինն են։  Ասում է՝ կարևորը ոչ այնքան արդյունքն է, որքան դիրքորոշում արտահայտելը։ «Այսօր ստիպված էի քվեարկել դեսպանատանը, որովհետև հետապնդումների պատճառով հեռացել եմ Ռուսաստանից, ինձ համար ամենակարևորը իմ քաղաքացիական դիրքորոշումը ցույց տալն է, որ Ռուսաստանում ոչ բոլորն են աջակցում այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում և գուցե բուն քվեարկությունը մեծ նշանակություն  չունի, բայց կարևոր է, որ կարողանաս ցույց տալ քո անհամաձայնությունը»։

Ընտրությունների նախնական արդյունքներով Պետդումայում ուժերի  քաղաքական պատկերը էապես չի փոխվում․ «Եդինայա Ռոսիան» պահպանում է սահմանադրական մեծամասնությունը, իսկ մյուս խոշոր ուժերը շարունակում են մնալ գործող քաղաքական համակարգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *