Ինչպես OpenAI-ի համահիմնադիրը դարձավ Forbes-ի վարկանիշի ամենահարուստ նորեկը

«Ի՞նչը թույլ կտա ինձ վաստակել 1 մլրդ դոլար»․ այս հարցն OpenAI-ի համահիմնադիր Գրեգ Բրոքմանը գրել էր իր օրագրում 2017 թվականին։ Այսօր նա Forbes-ի ամերիկյան 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշի ամենահարուստ նորեկն է։ Նրա կարողությունը գնահատվում է 25,5 մլրդ դոլար, իսկ OpenAI-ում նրա մասնաբաժինը, դատարանում նրա ներկայացրած գնահատմամբ, արժե ավելի քան 20 մլրդ դոլար։

Համեմատության համար՝ OpenAI-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի կարողությունը գնահատվում է մոտ 3,3 մլրդ դոլար։ Ալթմանը ընկերության բաժնեմաս չունի։

Բրոքմանի նույն օրագիրը դարձել էր Իլոն Մասկի հայցի առանցքային ապացույցներից մեկը։ Մասկը պնդում էր, որ իրեն մոլորեցրել են՝ OpenAI-ն ոչ առևտրային կազմակերպությունից վերածելով առևտրային ընկերության։ Մայիսին երդվյալ ատենակալները մերժեցին հայցը՝ որոշելով, որ Մասկը չափազանց երկար էր սպասել այն ներկայացնելուց առաջ։

Բրոքմանը OpenAI-ի երեք համահիմնադիրներից մեկն է, որոնք մինչ այժմ շարունակում են աշխատել ընկերությունում, և համարվում է Սեմ Ալթմանի մերձավոր դաշնակիցը։

2023 թվականին, երբ OpenAI-ի տնօրենների խորհուրդը հեռացրեց Ալթմանին ընկերության ղեկավարի պաշտոնից, Բրոքմանը մի քանի ժամվա ընթացքում նույնպես հեռացավ՝ այդպիսով վտանգելով իր բաժնեմասը։ Այսօր այդ մասնաբաժնի արժեքը, ըստ Forbes-ի, մոտենում է 30 մլրդ դոլարին։

Վերջին մեկ տարվա ընթացքում Բրոքմանը նաև ակտիվացրել է քաղաքական ֆինանսավորումը Վաշինգտոնում։ Նա 50 մլն դոլար է նվիրաբերել արհեստական բանականության զարգացմանը բարենպաստ դիրքորոշում ունեցող թեկնածուներին աջակցող երկու Super PAC-ների, իսկ ևս 25 մլն դոլար՝ MAGA Inc.-ին, որը աջակցում է Դոնալդ Թրամփին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *