Եթե Փաշինյանը որոշեց Տիգրանաշենը հանձնել, այնտեղ ձեր տնկած ծառերը կխանգարե՞ն դրան․ հարց՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներին

Նախօրեին «Ուժեղ Հայաստան»-ը Տիգրանաշենում էր, ծառատունկի էր մասնակցում, ի՞նչ եք կարծում, եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց Տիգրանաշենը հանձնել, ծառերը կխանգարե՞ն դրան, այսինքն՝ դուք ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել, որ, օրինակ, իշխանության այդ սցենարը տեղի չունենա․ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հարց ուղղվեց  «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։

«Գիտեք՝ ծառատունկը կյանքի նշան է, և այն խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, Տիգրանաշենը պետք է զարգանա։ Ինչ վերաբերում է հանձնելուն, խանգարելուն, ապա, ինչպես գիտեք, ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով՝ Տիգրանաշենը համարվում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս, և լավ կլիներ՝ մեր իշխանությունը հանձնելու մասին խոսելու փոխարեն խոսեր Տիգրանաշենի զարգացման մասին։ Եվ եթե նայում ենք հանձնում, թե զարգացում, «Ուժեղ Հայաստան»-ն ընտրում է զարգացումը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ հստակ քայլեր են արվում Տիգրանաշենի հանձնումը կանխելու ուղղությամբ, պատգամավորը պատասխանեց․ «Նախ, ինչ վերաբերում է մեր հայրենիքի սուվերեն տարածքներին, ապա այստեղ եկեք միանգամից հասկանանք, որ կուսակցական գործոնը երկրորդ պլան է մղվում, որովհետև խոսքը մեր հայրենիքի մասին է․․․ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա երեկ մենք արդեն ներկայացրել ենք մեր ծրագրերը, մասնավորապես՝ Տիգրանաշենում, ինչպես գիտեք, վերջին տարիներին որևիցե ծրագիր չէր իրականացվել, «Ուժեղ Հայաստան»-ը երեկ արդեն անոնսը տվեց, թե ինչ ծրագրեր է իրականացնելու, մասնավորապես՝ գյուղմթերքի շուկա ենք պատրաստվում Տիգրանաշենում գործարկել, օգնել, որպեսզի գյուղացիները կարողանան իրենց աճեցված բերքը աճեցնել և իրացնել՝ հաշվի առնելով նաև լոգիստիկ հնարավորությունները․․․ Երկրորդ՝ որոշում ենք կայացրել Տիգրանաշենին խաղահրապարակ նվիրել, որովհետև երեկ Տիգրանաշենում տեսանք, որ խաղահրապարակը հին է և թարմացման կարիք ունի։ Երրորդ՝ Տիգրանաշենում տրանսպորտի խնդիր կա, գյուղը որևիցե ձև կապված չէ արտաքին աշխարհի հետ։ Եվ նաև մենք որոշում ենք կայացրել այն գումարով, որ Անկախության օրվա առիթով փոխանցվել էր մեր պատգամավորներին, այդ ծրագրերն իրականացնել և գյուղին նաև տրանսպորտային միջոց նվիրել»։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Մարիաննա Ղահրամանյանն էլ հավելեց․ «Երբ խոսում ենք Տիգրանաշենի մասին, մենք նկատի ունենք Հայաստանի անվտանգությունը շատ լայն իմաստով, որովհետև Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի հարավային դարպասի առանցքային կետի վրա, այնտեղ ճանապարհպարային հանգույցը, որը մեզ կապում է, գիտեք, արտաքին աշխարհի հետ, դեպի Իրան գնացող ճանապարհն է, ռազմավարական նշանակության, նաև Վայոց ձոր-Սյունիք հատվածն է, այսինքն՝ այստեղ խոսել զիջումների մասին՝ նշանակում է Հայաստանը դնել շրջափակման մեջ, նշանակում է Հայաստանի անվտանգությունը դնել հարվածի տակ և Հայաստանը մեկուսացնել արտաքին աշխարհից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *