

Հայաստանում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յակուբ Լևանդովսկին, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կանադայի և Շվեդիայի դեսպանությունների ներկայացուցիչներ Երևանում մասնակցել են «Հայաստանի հանքարդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական փոխակերպում» համաժողովին։
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Սյունիքի մարզի հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող որոշ բնակավայրերում ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտման ուսումնասիրության, ինչպես նաև Լոռու մարզի Արջուտ գյուղում կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) և ծանր մետաղներով աղտոտվածության հետազոտության արդյունքները։ Վերցված նմուշները տեղափոխվել են հատուկ տարաներով Պրահայում գտնվող՝ ISO/IEC 17025 ստանդարտով հավատարմագրված լաբորատորիա և ենթարկվել են վերլուծության՝ սնդիկի, կապարի, կադմիումի, պղնձի, նիկելի և մկնդեղի պարունակությունը որոշելու նպատակով։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել ծանր մետաղներով աղտոտվածություն շրջակա միջավայրից վերցված նմուշներում և տեղի բնակիչներից վերցված կենսանմուշներում։
Հետազոտությունն իրականացվել է «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից։
«Որպես Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ՝ ուրախ եմ, որ մեր նախարարությունը կարողացել է աջակցել նման հետազոտության իրականացմանը։ Եվ սա բնապահպանության ոլորտում Հայաստանում մեր կողմից իրականացվող միակ նախաձեռնությունը չէ։ Տարիներ շարունակ մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի տարբեր խնդիրների լուծմանը։ Ելնելով իմ փորձից՝ կարող եմ ասել, որ «Առնիկան» շատ պրոֆեսիոնալ կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում նաև այլ երկրներում։ Վստահ եմ, որ այս հետազոտությունը կարևոր և արդիական է, և հույս ունեմ, որ դրա արդյունքները Հայաստանում արդյունավետորեն կկիրառվեն իրավիճակի բարելավմանը նպաստելու համար։ Չեխիան պատրաստ է կիսվել արդյունաբերական տարածքների վերափոխման իր փորձով, որը կարող է կիրառվել նաև այստեղ՝ տեղի բնակչությանն աջակցելու և իրավիճակը բարելավելու նպատակով», – ասաց փոխդեսպան Յակուբ Լևանդովսկին։

Յակուբ Լևանդովսկի
Համաժողովի անցկացումը կարևորելով՝ չեխական «Առնիկա» կազմակերպության ծրագրի համակարգող Մարսելա Չերնոչովան նշեց․ «Մենք փորձում ենք իրականացնել գործնական և կարևոր նախաձեռնություններ, որոնք կարող են անմիջականորեն օգնել մարդկանց։ Ամենակարևորը մարդկանց առողջությունն ու կյանքն են։ Եվ մեր աշխատանքով, հետազոտությունների արդյունքներով և տեղեկատվության տրամադրմամբ փորձում ենք նպաստել դրանց պաշտպանությանը։ Այնուհետև, մարդիկ՝ արդեն իրենք կարող են որոշել, թե ինչ անել՝ հոգ տանել սեփական առողջության մասին, թե ընդունել որոշակի ռիսկ։ Մենք այդ տեղեկատվությունը տրամադրում ենք նաև պետական մարմիններին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ որոշումներ կայացնել կառավարման և պետական քաղաքականության մակարդակներում»։
Մարսելա Չերնոչովայի խոսքով՝ Չեխիան այն երկրներից է, որի փորձը կարող է օգտակար լինել և կիրառվել Հայաստանում։ «Չեխիան նույնպես ունեցել է հանքարդյունաբերություն և ծանր արդյունաբերություն։ Երբ մենք անդամակցեցինք Եվրամիությանը, ստիպված եղանք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ իրականացնելու էկոլոգիական վերափոխում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի հետ ունենք պատմական փորձ, քանի որ մենք նույնպես Խորհրդային Միության բլոկի մաս ենք եղել։ Այդ ժամանակ գործում էր կոմունիստական և սոցիալիստական տնտեսական համակարգ, որտեղ շրջակա միջավայրի պահպանությանը բավարար ուշադրություն չէր դարձվում։ Մենք ստիպված էինք քայլ առ քայլ փոխել այդ վերաբերմունքը։ Եվ կարծում եմ՝ Չեխիան կարող է օրինակ ծառայել», – նշեց Մարսելա Չերնոչովան։

Ըստ նրա՝ նախ անհրաժեշտ է տեղում իրականացնել հետազոտություն, այնուհետև, ներկայացնել ստացված տեղեկատվությունը։ Հաջորդ փուլում անհրաժեշտ է աշխատել և համագործակցել պատասխանատու կառույցների հետ՝ լինեն դրանք համայնքները, մարզային իշխանությունները, թե կառավարությունը։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց՝ հետազոտության արդյունքները մտահոգիչ են։ Հայաստանում հանքարդյունաբերական և մետալուրգիական օբյեկտների կողմից շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները հասանելի են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում իրականացված գիտական հետազոտություններից։

«Տարիներ առաջ բնակիչները դիմել են Առողջապահության նախարարություն, որպեսզի ստուգումներ անցկացվեն, բայց արձագանք չի եղել։ Այնուհետև, տեղի բնակիչները դիմել են մեզ, քանի որ մտահոգ են և ցանկանում են տեղեկացված լինել։
Ես շատ բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը չեխական կողմի գործընկերների հետ։ Հետազոտության արդյունքներին ծանոթանալու էին եկել դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներ։ Ցավոք, մեր կառավարությունից միայն Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն էր ներկա։ Նրանք պետք է ներկա լինեին և արձագանքեին», – ասաց Ինգա Զարաֆյանը։
Սեպտեմբեր 22, 2026 at 14:31