Նախագահ Թրամփը հանգստյան օրերին քննարկել է Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, սակայն շաբաթ ուշ երեկոյան ի վերջո որոշել է ձեռնպահ մնալ, երկուշաբթի օրը CBS News-ին հայտնել են քննարկումներին ծանոթ աղբյուրները։
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 16- ին, ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների հետ քննարկումների ժամանակ նախագահը նշել էր, որ հակված է չհարվածել Եմենին։ Սակայն հինգշաբթի օրը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանը զանգահարել է եւ կրկին խնդրել նախագահին աջակցել իրենց։ Դրանից հետո Թրամփը Պենտագոնին հրահանգել է պատրաստվել օդային հարվածների։
Սակայն շաբաթ ուշ երեկոյան որոշել է առայժմ ձեռնպահ մնալ հութիների դեմ ԱՄՆ-ի գործողությունից, հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Սպիտակ տունը ներկայումս չի ցանկանում ընդլայնել ռազմական գործողությունների գոտին։
Reuters-ը երկուշաբթի հաղորդել է, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ, որը վայելում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը։
Հութիների եւ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ու նրա դաշնակիցների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի միջեւ հակամարտությունը սրվել է սեպտեմբերի սկզբին։ Սեպտեմբերի 11-ին հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի արեւմտյան ափը եւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Սեպտեմբերի 19-ին նրանք բալիստիկ հրթիռով փորձել են հարվածել Էր-Ռիադին։