Տուրիստ չեմ` ավտոբուս չկա | Top-News.am


«Ախպեր, դու որ ինձ կանգնացրիր՝ մտածիմ տուրիստ ես»։ Այսպես ասաց տաքսու վարորդը, երբ նստեցի մեքենա, ինչին ես կես կատակ կես լուրջ պատասխանեցի՝ չէ, տուրիստ չեմ, ավտոբուս չկա։

Հետաքրքիր այս երկխոսության նախապատմությունը այն մասին է, թե ինչու նորմալ չի աշխատում Արարատի մարզի միասնական տրանսպորտային համակարգում գործող Նարեկ-Երևան երթուղայինը։ Այն, ի դեպ, վերջերս է հաղթել մրցույթը և սպասարկում է ամբողջ Արարատի մարզը, ներառյալ այն երթուղին, որով ես սովորաբար գնում և վերադառնում եմ Երևանից։ 

Այդ կիրակի  օրը չվացուցակով նշված ժամին գյուղի կանգառում ավտոբուսին երկար սպասելուց հետո հասկացա, որ ավտոբուսը չի գալու․ կիրակի օրերին այլ չվացուցակ է: Կիրակի օրերին Երևան գնացող չկա՞։ Սակայն այդ կիրակի կար՝ ես, ով հասկանալով, որ ավտոբուսը այդպես էլ չի գալու իսկ մոտակայքում տաքսի չկա, փորձեցի ոտքով իջնել ճանապարհով հնարավորինս շուտ որևէ մեքենա կամ տաքսի գտնելու հույսով։ Ի վերջո ճանապարհին տաքսի հայտնվեց։ Իմ շատ արագ քայլերով, չափից ավելի իրերով ծանրաբեռնված, վարորդի մոտ թողել էի օտարերկրացու՝ «տուրիստի» տպավորություն։ 

Բայց այս պատմությունը սկսվեց նրանից, որ չկար ավտովուս։ Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են մտածում այս մասին պատկան մարմինները՝ այդպես էլ պետք է լինի՞։

Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Նախարարությունից  պատասխանեցին, որ Նարեկ-Երևան թիվ 460 միջմարզային երթուղին, ըստ չվացուցակի պետք է իրականացվի շաբաթվա բոլոր օրերին։

Միաժամանակ նախարարությունը նշում է, որ երթուղիների աշխատանքային գրաֆիկը կարող է պայմանավորված լինել աշխատանքային ռեժիմով, և այդ փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներառված լինի երթուղու հաստատված չվացուցակում։

Այսինքն՝ եթե, օրինակ, կիրակի օրերին տվյալ երթուղին չի սպասարկելու ուղևորներին, այդ մասին պետք է նշված լինի հաստատված չվացուցակում։ Ստացվում է՝  նախարարության պատասխանի համաձայն, այն պետք է աշխատի շաբաթվա բոլոր օրերին։ Իսկ Նարեկ-Երևան 460 երթուղու դեպքում նման նշում գոյություն չունի։

Փաստորեն, իմ՝ այդ կիրակի սպասված ավտոբուսը չպետք է պարզապես «չլիներ»՝ այն նախատեսված էր չվացուցակով, չնայած որ կիրակի էր: Իսկ եթե չվացուցակով նախատեսված ժամին ավտոբուսը չի գալիս, հարցն արդեն ոչ թե չվացուցակի, այլ դրա կատարման մասին է։

Նախարարության պատասխանի համաձայն՝ հաստատված չվացուցակների պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Օրենսդրությամբ էլ չվացուցակով սահմանված մեկնելու ժամերի խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Ու այստեղ արդեն առաջանում է հաջորդ հարցը՝ եթե ավտոբուսը չվացուցակով պետք է գար, բայց  չկա, ապա ո՞վ է պատասխան տալու դրա համար։ 

Արմեն Խեչումյան



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *