Մանրամասներ՝ թիվ 23 ավտոբուսի վարորդին ծեծելու միջադեպի մասին

Նոր Նորքում թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի  են ծեծել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ վարորդը փորձել է մտնել կանգառ՝ շրջանցելով այնտեղ կայանած մեկ այլ տրանսպորտային միջոցի։

«Դրանից հետո մյուս մեքենայի վարորդի հետ խոսակցություն է ծագել։ Ավտոբուսում այդ պահին ուղևորներ են եղել, այդ թվում՝ անչափահաս երեխա։ «Երևանի ավտոբուս»-ի վարորդը զգուշացրել է, որ ավտոբուսում տեսաձայնագրություն է իրականացվում»,-պատմել է Ասատրյանը։

Նա նշել է, որ մյուս մեքենայի վարորդը դուրս է եկել իր մեքենայից, իջեցրել ավտոբուսի վարորդին ու ծեծել նրան։ Դեպքին միջամտել են քաղաքացիները՝ փորձելով հանդարտեցնել վիճակը։

Վարորդը դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ գլխի պատռվածք և քթի՝ շեղումով կոտրվածք։

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն իրավապահներին է փոխանցել նաև ավտոբուսի տեսախցիկների տեսագրությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *