Դեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են


Բիզնես


Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի TAIEX (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։

Այս տարվա հուլիսին անցկացված TAIEX-ի առաջին փորձագիտական առաքելության ընթացքում ՍԱՏՄ մասնագետները հնարավորություն ունեցան միջազգային փորձագետների հետ քննարկելու շուտ փչացող ապրանքների կառավարման, փաթեթավորման, մակնշման, պահպանման, փոխադրման և հետագծելիության ապահովման հետ կապված խնդիրները։

Այս փուլում արդեն առավել նպատակային ուղղություն է բուսական մթերքները և ձկնամթերքը Եվրոպական միության շուկա արտահանելու պահանջների և պաշտոնական վերահսկողության համակարգերի ուսումնասիրությունը։

Քառօրյա դասընթացների ժամանակ բանախոսները կանդրադառնան ԵՄ բուսասանիտարական պահանջներին, սննդամթերքի անվտանգության, փաթեթավորման ու մակնշման հարցերին, պահպանման և փոխադրման պայմաններին, արտադրանքի հետագծելիության ապահովմանն ու սահմանային վերահսկողության ընթացակարգերին։

Հատկապես կարևոր են արտահանման փաստաթղթերի և TRACES համակարգի վերաբերյալ նախատեսված աշխատանքը, մասնավորապես՝ ձկնամթերքի համար կենդանիների առողջության հավաստագրերի և թարմ մրգերի ու բանջարեղենի համար բուսասանիտարական հավաստագրերի հետ կապված գործնական հարցերի քննարկումը։

Այս դասընթացը հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ եվրոպական փորձին, այլև ստանալ այդ փորձը Հայաստանի պայմաններում հնարավորինս արդյունավետ կիրառելու գիտելիքներ՝ նպաստելով հայ մասնագետների կարողությունների զարգացմանը, ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանելու մեր պատրաստվածության բարձրացմանը և հայկական ագրոպարենային արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *