Ուկրաինայի քաղաքացիների լիարժեք վերադարձը բնականոն կյանքին անհնար է առանց Ղրիմի ազատագրման. Զելենսկի

Պատերազմից հետո Ուկրաինայի քաղաքացիների լիարժեք վերադարձը բնականոն կյանքին անհնար է առանց ուկրաինական Ղրիմի ազատագրման, անվտանգության վերականգնման, մարդկանց պաշտպանության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին վերադառնալու։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ղրիմյան միջազգային հարթակի» վեցերորդ գագաթնաժողովի ժամանակ։

Զելենսկին ընդգծել է, որ թերակղզու հարցը շարունակում է կապված լինել մարդկանց անվտանգության, գերիների ազատ արձակման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ։

«Անհարգալից վերաբերմունքը սկսվեց Ղրիմից 2014 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ղրիմ։ Հետևաբար, լիարժեք վերադարձը բնականոն կյանքին անհնար է առանց Ղրիմի՝ առանց անվտանգության վերականգնման, մարդկանց և նրանց կյանքի պաշտպանության, Ռուսաստանի կողմից պահվող գերիների ազատ արձակման և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին վերադառնալու։ Տարածքային ամբողջականությունը կարևոր է», – ընդգծել է երկրի նախագահը։

Միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին խոսելիս նա նշել է, որ դրա խախտումը հետևանքներ է ունենում ոչ միայն պետությունների, այլև առանձին մարդկանց համար։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի միջազգային իրավունքն իրական ուժ ունենա։ Դրանից է կախված՝ արդյոք մարդկային կյանքն ընդհանրապես ունի իրական արժեք», – հայտարարել է Զելենսկին։

Նա հայտարարել է, թե Ուկրաինան ակնկալում է, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի այն գործողությունների համար, որոնք հանգեցրել են պատերազմին և ուկրաինական տարածքների գրավմանը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի այս պատերազմը սկսած և ուրիշների հողերը գրավող Ռուսաստանը ենթարկվի պատասխանատվության», – նշել է նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *