Ծանր դեպքեր չկան, հոսպիտալացվել է 5 քաղաքացի


Մամուլ


Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով: Մի քանի ժամում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի: Համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով կա՛մ չօգտվել ջրից, կա՛մ օգտագործել եռացրած ջուր:

Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 1lurer.am-ը մեկնաբանություն խնդրեց առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունից հայտնեցին, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվն այս պահին 5-ն է:

«Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում:

Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք:

Ծանր դեպքեր չունենք: Հոսպիտալացվել է 5 քաղաքացի բավարար և միջին առողջական վիճակով»,- հայտնում են առողջապահության նախարարությունից:

Հեշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բնյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է: 

Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկնինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *