ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։ Պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Շիրակի մարզի «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, ինչպես նաև սովորողների իրավունքների պաշտպանության վիճակը։

Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավմանը, սովորողների իրավունքների ապահովմանը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը վերաբերող և այլ հարցեր։

ՄԻՊ ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։ Ուսուցիչների և ուսուցիչների օգնականների հետ անցկացված առանձնազրույցների ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են նաև սովորողների գնահատման չափանիշներին վերաբերող հարցեր։

Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային բնույթ ունի և պահանջում է անհետաձգելի լուծում։

Մասնավորապես՝

• Դպրոցի շենքային պայմաններն ընդհանուր առմամբ ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մասնավորապես՝ առկա չէ վերելակ, թեքահարթակները և սանհանգույցները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, մուտքերի, ելքերի և առանձին սենյակների դռներն ունեն շեմեր և այլն։

• Դպրոցի հանդերձարանների վիճակն անբավարար է, դրանք պատշաճ կահավորված չեն և ունեն էական վերանորոգման անհրաժեշտություն։ Միաժամանակ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների և դպրոցի առանձին հատվածների պատշաճ լուսավորության ապահովման հետ կապված խնդիրներ։

• Արձանագրվել են նաև բուժկետում առկա դեղամիջոցների օգտագործման համար պիտանելիության ժամկետի ապահովման, ինչպես նաև բուժկետի սանիտարահիգիենիկ պայմաններին առնչվող խնդիրներ։

• Ուսումնասիրվել են դպրոցի ճաշարանի պայմանները և այնտեղ պահվող սննդամթերքի որակը։ Առանձին դեպքերում սննդամթերքի պիտանիության ժամկետը պարզել չի հաջողվել։

Արձանագրված խնդիրների մի մասը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ։ Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգ և սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից զերծ միջավայրի ձևավորմանը, այդ թվում՝ սովորողների պաշտպանության թիմի ձևավորմանը, կազմին և գործառույթներին առնչվող հարցերին։

Այցի ընթացքում դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկությունների հետ մեկտեղ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ դպրոցում արձանագրված խնդիրները բազմաթիվ են և իրավասու մարմինների կողմից պետք է ստանան շուտափույթ լուծում:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *