ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին


Աշխարհ


El Mundo-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները եվրոպական մի շարք երկրների զգուշացրել են Ռուսաստանի կողմից Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման մասին։

Ըստ հրապարակման՝ ամերիկյան կողմի փոխանցած զեկույցում նկարագրվում է սցենար, որի դեպքում ռուսական «Գերբերա» տեսակի դրոնները կարող են արձակվել առևտրային նավերից՝ քողարկվելով սովորական նավագնացության պայմաններում։ Նշվում է, որ այդ անօդաչուների թռիչքի առավելագույն հեռահարությունը կարող է հասնել 600 կիլոմետրի։

El Mundo-ն, հղում անելով Լիտվայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրներին, գրում է, որ դրոնները նախատեսված են ոչ թե մեծաթիվ զոհեր պատճառելու, այլ ենթակառուցվածքների աշխատանքը ժամանակավորապես խափանելու կամ հրդեհներ առաջացնելու և Եվրոպայի խորքում Ռուսաստանի հնարավորությունները ցուցադրելու համար։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի նախազգուշացումը կարող է կապված լինել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ օգոստոսին Մոսկվա կատարած այցի հետ։ Միաժամանակ նշվում է, որ նման դրոնների կիրառման որոշ հնարավորություններ նախկինում արդեն արձանագրվել են Եվրոպայում։

El Mundo-ի զրուցակից փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի հնարավոր թիրախների ընտրությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլև եվրոպական երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի տարբերություններով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *