Հռոմում Հայաստանի Անկախության 35-ամյակին նվիրված գալա-համերգ է անցկացվել

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի կապակցությամբ Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ս.թ սեպտեմբերի 22-ին Հռոմում կազմակերպել է երաժշտությանը, մշակույթին և հայ-իտալական երկխոսությանը նվիրված հատուկ երեկո։ Հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Հռոմի կենտրոնում՝ Սուրբ Աթոռի հարևանությամբ գտնվող Իտալիայի լավագույն մշակութային հարթակներից մեկում՝ «Աուդիտորիում Կոնչիլիացիոնե» (Auditorium Conciliazione) համերգասրահում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված գալա-համերգ։

Երեկոյի ընթացքում հնչել են Ա. Խաչատուրյանի, Ա. Բաբաջանյանի, Կոմիտասի, Շառլ Ազնավուրի, ինչպես նաև Ն. Ռոտայի, Է. Մորիկոնեի, Ս. Չիպրիանիի, Ա. Տրովայոլիի և Ռ. Օրտոլանիի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Իտալիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներ, Իտալիայի հասարակական և մշակույթի գործիչներ, գիտնականներ, ինչպես նաև Հայաստանի բարեկամ բազմաթիվ իտալացի հյուրեր։ Շուրջ 1500 հանդիսատես հյուրընկալող համերգասրահը լեփ-լեցուն էր։

Հանդիսավոր երեկոն բացել և ողջույնի խոսքով է հանդես եկել Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Իր ելույթում դեսպանն ընդգծել է, որ ժողովրդական նոր մանդատով օժտված Հայաստանի Հանրապետության իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն առաջ են մղում երկրում և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման քաղաքականությունը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի կայուն առաջընթացի հիմնասյուներն են ժողովրդավարական ինստիտուտներն ու օրենքի գերակայությունը։

Դեսպանն անդրադարձել է նաև երկրի տնտեսական ռազմավարությանը՝ նշելով, որ Հայաստանն այսօր բաց է նոր շուկաների և գործընկերների համար:

Անդրադառնալով հայ-իտալական երկկողմ հարաբերություններին՝ դեսպանն ընդգծել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպանն անդրադարձել է նաև օրերս Երևանում Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակության արդյունավետ հանդիպումներին։

Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես է եկել Իտալիայի պատգամավորների պալատի անդամ, հայ-իտալական բարեկամական խմբի ղեկավար, ինչպես նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջուլիո Չենտեմերոն։

Նա նույնպես անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղությանը՝ նշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վճռականությունն ու հետևողականությունը։ Նա նաև հայտնել է Իտալիայի աջակցությունը խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։

Համերգին հաջորդել է ընդունելություն, որի ընթացքում հյուրերին մատուցվել են հայկական ազգային խոհանոցի ավանդական ուտեստներ՝ ներկայացնելով հայկական խոհարարական հարուստ ժառանգությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *