Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը և տնտեսական ենթակառուցվածքների բացումը։
«Նախարարներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը և քննարկել 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններից հետո գրանցված առաջընթացը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացմանը», – նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Այս համատեքստում, որպես խաղաղության օգուտների գործնական օրինակներ, շեշտվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ հարաբերությունները։
«Նախարարները մտքեր են փոխանակել տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ։ Նախարարները համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը», – հայտնել են նախարարությունից։